Մուցքի ոսկու հանքը կշահագործվի նախարարությունը տվել է դրական եզրակացություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Գեոռեյդ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Փաստաթուղթը ստորագրել է նախարար Հակոբ Սիմիդյանը:

Մուցքի ոսկու հանքավայրը գտնվում է Սիսիան խոշորացված համայնքի Մուցք և Բռնակոթ բնակավայրերի սահմաններում, Մուցք գյուղից 3.5 կմ, Սիսիան քաղաքից՝ 28 կմ հեռավորության վրա:

Հանքի շահագործման համար հայցվող հողերը քաղաքացիների և համայնքնային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, ջրային և պահուստային հողեր են: Բացահանքը կզբաղեցնի 135.48228 հեկտար տարածք:

Հանքաքարի պաշարները կազմում են 2736.9 հազար տոննա, որից ոսկու պաշարները՝ 3605.0 կգ, արծաթի պաշարները՝ 5730.8 կգ: Հանքավայրը բաղկացած է երկու՝ հարավային և հյուսիսային տեղամասերից: Հանքավայրում հանքարդյունաբերական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է լեռնային աշխատանքները կազմակերպել հարավային տեղամասում, որը պարունակում է ամբողջ պաշարների մոտ 80%-ը: Այնուհետև, մոտ 10 տարի շահագործելուց հետո, 2-րդ փուլում շահագործվելու են երկու տեղամասերը միասին: Բացահանքերի տարեկան արտադրողականությունն, ըստ ապրանքային հանքաքարի, կազմելու է 150.0 հազար տոննա, ծառայման ժամկետը՝ 19․2 տարի:

«Գեոռեյդ» ՍՊԸ-ն մտադիր է նաև կառուցել հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնց նախագիծը ներկայացվելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության առանձին փաստաթղթով:

Հանքի շահագործման ժամանակ նախատեսվում է կիրառել պոչամբարում պինդ պոչանքների պահեստավորման տեխնոլոգիան: Պինդ պոչանքների պոչամբարը նախատեսված է հյուսիսային և հարավային լցակույտերի միջև տեղադրված ձորակում: Տարածքը կկազմի 7.5հա, առավելագույն խորությունը՝ 50մ, պոչամբարի վերին հարթակի նիշը՝ 2040մ, տարողությունը՝ 1174․9 հազար խմ։ Նշված է, որ պոչամբարը շահագործելուց առաջ հատակի բերվածքային ապարները պետք է հեռացվեն և հատակին փռվի 3մմ հաստությամբ պոլիէթիլենային թաղանթ: Պոչերը պոչամբարում պետք է փռվեն նրանց լրիվ ցամաքելուց ու չորացումից հետո 3-5մ հաստությամբ հորիզոնական շերտերով: Հյուսիսային և հարավային լցակույտերը հանդիսանալու են պատվար պահեստավորված պոչերի համար: Պոչերի ցամաքեցման ժամանակ հեռացված ջրերը փակ շրջանառու ցիկլով կրկին պետք է օգտագործվեն ֆլոտացիոն աշխատանքների ժամանակ: Պոչերի չորացման հրապարակից չորացած պոչերի տեղափոխումը պոչամբար կատարվելու է ավտոինքնաթափերով, իսկ փռումը՝ բուլդոզերով:

Հարստացուցիչ ֆաբրիկան նախատեսվում է կառուցել բացահանքի և լցակույտի միջև արտադրական հրապարակի տարածքում: Լցակույտերի տարածքից հավաքված ջրերն ուղղվելու են Դմբդմբան գետ, այնուհետև՝ կուտակիչ ավազան:

Նշված է, որ աշխատանքների ավարտից հետո կիրականացվի բացահանքի հատակի և լցակույտերի լեռնատեխնիկական և կենսաբանական վերջնական ռեկուլտիվացիա, որի համար անհրաժեշտ գումարը կկազմի 6805.0 հազար դրամ:

Որպես եզրակացության պատճառաբանական մաս նշված է, որ Մուցք բնակավայրում անցկացված հանրային լսումների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել հանքավայրի շահագործման հայտին։

Եզրակացության պահանջներից են օրենսդրական դրույթների պահպանումը, ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը, ազդակիր համայնքներում օգնության ծրագրերի և համապատասխան ֆինանսական ներդրումների իրականացումը և այլն:

ajax-loader