Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային համակարգի անվտանգ շահագործումն ու գործունեության արդյունավետության բարձրացումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։
Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում նշեց, որ ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, և այդ պատահարները կործանարար ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ սերնդի վրա։
«Հայաստանը բացառություն չէ, և այդ տեսանկյունից իրավիճակը մեզ մոտ նույնպես մտահոգիչ է։ Այդ իսկ պատճառով վերջին տարիներին Հայաստանի ճանապարհային ցանցն արագ տեմպերով բարելավվում է։ Իրականացվում են հիմնարար բարեփոխումներ ճանապարհների սպասարկման և պահպանման ոլորտում։ Ուշադրության կենտրոնում են նաև անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերը, որոնց լուծումը ոլորտի զարգացման հրամայականն է։ Մեր երկրում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը, ուստի ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ՝ անչափ կարևոր է, որպեսզի ճանապարհային երթևեկության մասնակիցները՝ վարորդները, հետիոտները, ուղևորները ճանապարհային երթևեկության կանոններին ծանոթանան և հետևեն դրանց պահանջներին»,- ասաց փոխնախարարը։
Ղալեչյանի դիտարկմամբ՝ ՃՏՊ-ներն ու դրանց հետևանքով առաջացած մահերի ու վնասվածքների վիճակագրությունը մտահոգիչ է, քանի որ մարդկային կյանքերի կորստի աղբյուր հանդիսանալուց զատ՝ դրանք նաև բացասաբար են ազդում երկրի տնտեսության վրա։ Գնահատումների համաձայն՝ ՃՏՊ-ները նվազեցնում են Հայաստանի ՀՆԱ-ն առնվազն մեկ տոկոսով՝ կազմելով սոցիալ-տնտեսական ծախսերի մոտ հինգ տոկոսը։ Ղալեչյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է բոլոր քայլերը ձեռնարկի երթևեկության անվտանգությունը բարելավվելու նկատառությամբ, ինչը ենթադրում է միջոցառումների իրականացում՝ ուղղված ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործմանը, վթարների տվյալների կառավարման համակարգի կատարելագործմանը, հետվթարային խնամքի համակարգի ստեղծմանը, ճանապարհներից օգտվող խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, ՃՏՊ-ների հետևանքով մահերի ու լուրջ վնասվածքների թվաքանակի նվազմանը, կրթական ծրագրերի ու իրազեկման աշխատանքների իրականացմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն իր հերթին նշեց, որ շահագրգիռ գերատեսչությունների համատեղ ջանքերով պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց ժամանակ վերհանվում են ՃՏՊ-ներին նպաստող պայմաններն ու պատճառները, մշակվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով։
«Ճանապարհային անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը երթևեկության անվտանգությունն է։ Այդ առումով ՆԳ նախարարության ձևավորման արդյունքում ՀՀ օրենսդրությամբ այդ գերատեսչությանը վերապահվել է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի ռազմավարության մշակումը, ինչը հնարավորություն է տվել աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրության հիմքի վրա առաջիկայում մշակել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ազգային նոր ռազմավարությունը։ Բացի դրանից, ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում կձևավորվի նոր ստորաբաժանում, որի ռեսուրսները բավարար կլինեն պատշաճ կերպով հսկողություն իրականացնել ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների, նորմերի և ստանդարտների կիրառման նկատմամբ, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասաց ոստիկանության պետի տեղակալը։
Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ողջ տարածքում վերջերս ներդրվել է ոստիկանության պարեկային ծառայությունը, որի աշխատակիցները երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցներով հայտնաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, նույնիսկ այնպիսիք, որոնք նախկինում տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով մնում էին տեսադաշտից դուրս։ ՆԳՆ ոստիկանությունում ստեղծված նոր օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ՝ պարեկային ծառայության ուժերի արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել կանխարգելիչ աշխատանք՝ ՃՏՊ-ների առաջացման պատճառների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ։