Վրաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումն է եղբայրական երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով՝ Թբիլիսին բավական հաջող կատարում է անկողմնակալ խաղացողի դերը Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացում։ «Վրաստանը միշտ երկար տարիներ փորձել է ստանձնել այս բնական դերն այդ գործընթացում, բայց դա շատ դժվար, համալիր հակամարտություն է, եւ հենց վարչապետի ու երկու երկրների ղեկավարների հետ նրա անձնական հարաբերությունների միջոցով ենք մենք հասել կոնկրետ արդյունքի՝ երկու երկրների համար փոխշահավետ համաձայնագրի տեսքով»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են բաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, եւ նրանց հռետորաբանությունը լիովին կենտրոնացած է խաղաղության վրա։ «Մեր երկու բարեկամների եւ եղբայրական ժողովուրդների հետ միասին մեր գլխավոր նպատակը խաղաղության եւ կայունության ապահովումն է տարածաշրջանում»,- նշել է Դարչիաշվիլին։