Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում սահմանեց Գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով։
Հետևաբար արտադրական նպատակներով ներմուծումը արգելվում է, իսկ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով ներմուծման դեպքում Օրենքով սահմանվում է համապատասխան փաստաթղթի առկայություն։ Միաժամանակ, նշված աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է սահմանլ պահանջներ ոչնչացման կամ արտահանման դեպքերում։
Սույն կարգավորման նպատակն է«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն հաստատել գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը։
Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանում կիրականացվեն ԳՁՕ-ի ժամանակակից գիտական հետազոտություններ, հայ գիտնականներ մասնակից կլինեն միջազգային գիտական ծրագրերին և ձեռք կբերեն լրացուցիչ փորձառություն և գիտական լաբորատորիաները կվերազինվեն արդիական սարքավորումներով։ Միաժամանակ արդյունավետ վերահսկողության իրականացման միջոցով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը կբարձրանա։