Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատելու համար. ԱԳ փոխնախարար

Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում անօրինաբար պահվող հայերին ազատելու համար։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱԳՆ-ն Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ազատելու համար։

Կոստանյանի խոսքով՝ ինչպես նշված, այնպես էլ անօրինաբար պահվողների մնացած անձանց դեպքերում Հայաստանը եւ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով, բարձրացնում է այս հարցը։ Կոստանյանը հիշեցրել է ՄԻԵԴ-ում  իրավական գործընթացների մասին, ընդգծել, որ հասանելի ողջ գործիքանին օգտագործվում է այդ թվում եւ Արցախի նախկին ղեկավարության շուտափույթ վերադարձի համար։

Այդ գործունեությունից ակնկալիքների մասին հարցին, հաշվի առնելով նույն միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող անտարբերությունը, փոխնախարարը համաձայնել է, որ արձագանքը իրադարձություններին համարժեք չէր, եւ նշել է, որ բռնի տեղահանումը նաեւ նման մոտեցման հետեւանքն էր։ Եվ այնուամենայնիվ, փոխնախարարը հուսով է, որ մոտեցումը կփոխվի։

ajax-loader