Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումն ինքնին Ադրբեջանի համար զսպող մեխանիզմ է: Նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ առաքելությունը կզսպի՞ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
«Եթե շատ ծայրահեղ նայենք, իհարկե, եթե հարձակվող կողմը որոշում է հարձակվել և դրա հնարավորությունները գնահատում է բավարար, կհարձակվի: Բայց ինքնին որոշումն արդեն զսպող մեխանիզմ է, դեռ չեմ ասել նրանց՝ արդեն այստեղ գտնվելը: Բայց ինքնին որոշումը քաղաքական գնահատական է, արձանագրում է»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նկատեց՝ 2020 թվականի պատերազմից առաջ Ադրբեջանը երկար ճանապարհ անցավ, մեդիայում նախապատրաստում արեց, ՄԱԿ-ում 4 բանաձև ստացավ, որպեսզի իր գործողություններին միջազգային իրավունքի կողմից ինչ-որ ձևով հիմնավորումներ տա: «Հիմա այդ հիմնավորումները ոչ կան, ոչ կարող են լինել: Հակառակն է տեղի ունենում, այսօր շատ ավելի շատ խոսվում է ԼՂ-ի մասին, իրավունքների մասին, խոսվում է ՀՀ ինքնիշխան տարած ներխուժած ադրբեջանցիների մասին: Եվ ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»,-նշեց ԱԺ նախագահը:
Եվրամիությունը փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն: Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: