Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։
#عاجل أيها سكان غزة، انضموا الى الكثيرين الذين يتوجهون الى جنوب وادي غزة في هذه الساعة!
— افيخاي ادرعي (@AvichayAdraee) November 7, 2023
🔴أود أن أعلمكم أنه على الرغم من أن حماس تواصل المساس بالجهود الإنسانية الجارية لمصلحتكم وتستخدمكم كدروع بشرية، إلا أن جيش الدفاع الإسرائيلي سيسمح مرة أخرى اليوم بالمرور على طريق صلاح الدين… pic.twitter.com/9hxL6e8gfn
«Հանուն ձեր սեփական անվտանգության՝ օգտվեք այս հաջորդ հնարավորությունից և շարժվեք դեպի հարավ՝ Գազա գետից այն կողմ․․․ Եթե մտահոգվում եք Ձեր և Ձեր հարազատների մասին, ուղղվեք դեպի հարավ՝ ըստ մեր ցուցումների», – գրել է ԻՊԲ-ի խոսնակը։
«Ձեզնից շատերը հիմա անում են դա․․․», – հավելել է Ադրային՝ գրառմանը կցելով դա փաստող տեսանյութ։
Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անակնկալ հարձակումից հետո, երբ Իսրայելում սպանվեց 1400 մարդ, իսկ 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային։ Այդ հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, նրանց թվում կա 4100 երեխա։