Ամուլսարի ծրագիրը նպաստելու է ամուր սահմաններ ունենալուն․ Հայկ Ալոյան.

Օրերս հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը կշահագործվի: Banks.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:

–  Պարոն Ալոյան, փետրվարի 22-ին հայտարարվեց Ամուլսարի ծրագրի վերագործարկման մասին: Նախքան դրա մասին խոսելը, կարծում եմ, կարեւոր է արձանագրել, թե ինչ արդյունքների հասած կլիներ ծրագիրն այսօր, եթե 2018 թվականին այն չդադարեցվեր՝ ընկերությունից անկախ պատճառներով:

– 2018թ. եթե Ամուլսարի ծրագիրը չկասեցվեր, մենք Հայաստանում կունենայինք Տորոնտոյի արժեթղթերի բորսայում ցուցակված առաջին ընկերությունը, իսկ Ամուլսարը կլիներ տարածաշրջանում շահագործվող ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` սահմանելով բնապահպանական եւ սոցիալական կառավարման բարձր նշաձող ոլորտում: Ծրագիրը կնպաստեր Հայաստանի ներդրումային հեղինակության բարձրացմանը:

Մոտավորապես 6 000 մարդ ուղղակի կամ անուղղակի ներգրավված կլիներ ծրագրում, իսկ շրջակա համայնքների բնակիչները ստիպված չէին լինի աշխատանք փնտրել իրենց համայնքների սահմաններից դուրս: Բազմաթիվ մարդիկ կունենային բարձր վարձատրվող աշխատանք, մասնագիտական առումով զարգանալու լայն հնարավորություն: Լիդիան Արմենիան կլիներ խոշոր հարկատուների եռյակում:

Ցավով եմ արձանագրում, որ Հայաստանը այս ընթացքում առնվազն 350 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել, որը միանշանակ անհրաժեշտ կլիներ մեր երկրին:  

– Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ՀՀ կառավարությունը ստանալու է «նոր ընկերության 12.5% մասնաբաժինը, որի դիմաց չի վճարվելու որեւէ բան: Փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը»։ Հասարակության մեջ ոչ միանշանակ վերաբերմունք կա այն փաստին, որ խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները սկսել են կամավոր մասնաբաժնի մի մասը փոխանցել կառավարությանը: Ո՞րն է դրա տնտեսական իմաստը եւ գրավչությունը՝ ընկերության համար:

– Նախ ցանկանում եմ նշել, որ Ամուլսարի ծրագիրն իրականացվելու է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Ընկերության բաժնետերերն են ամերիկյան Orion Mine Finance եւ կանադական Osisko Gold Royalties ընկերությունները: Այսօր արդեն նրանց գործընկերն է դարձել նաեւ պետությունը:

Աշխարհում նման բազմաթիվ օրինակներ կան, երբ հանքարդյունաբերողները գործընկեր են դառնում պետության հետ, ինչն ապահովում է ավելի արդյունավետ փոխգործակցություն կողմերի միջեւ:

Առաջարկը եղել է մեր բաժնետերերի կողմից: 2018թ. իրադարձություններից հետո նոր ներդրումներ ներգրավելու համար մենք առաջարկեցինք Կառավարությանը գործընկեր դառնալ Ամուլսարի ծրագրում: Կառավարության հետ քննարկումներից հետո կայացվեց փոխադարձ ընդունելի որոշում, որն էլ ամփոփվեց Փոխըմբռնման հուշագրով: Ըստ Հուշագրի, մենք Կառավարությանն անհատույց տրամադրել ենք ընկերության կանոնադրական կապիտալի 12,5%-ը, իսկ Կառավարություն էլ իր լիազորությունների եւ օրենքի շրջանակում պարտավորվել է որոշակի երաշխիքներ տրամադրել Լիդիան Արմենիային իր տնտեսական գործունեությունը անխափան իրականացնելու համար:

Կարծում եմ` այս գործընկերությունը փոխադարձ շահավետ է եւ նպաստելու է Հայաստանի տնտեսական հետագա զարգացմանը:

– Փաստորեն, Հայաստանի պատմության մեջ եզակի դեպք է լինելու, երբ խոշոր ներդրումային նախագծում ներգրավվելու են միջոցներ նախկին խորհրդային տարածքի պետություններից (ի դեմս՝ Եվրասիական զարգացման բանկի) եւ Արեւմուտքից: Հաշվի առնելով լարվածությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, այստեղ ռիսկեր չե՞ք տեսնում:

– Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական ինստիտուտ է, որին, այո’, անդամակցում են հետխորհրդային մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: Հենց Հայաստանի անդամակցությունն էլ մեր բաժնետերերի համար որոշիչ եղավ Բանկից վարկ ներգրավելու համար:

– Երբեմն մտահոգություններ են հնչում, որ 2022թ. Ադրբեջանի հարձակումից հետո Ամուլսարի տարածքը չափազանց մոտ է հակառակորդի գրաված դիրքերին: Արդյո՞ք կան պայմաններ հանքի անվտանգ շահագործման համար:

– Ամուլսարի հանքավայրը Ջերմուկից գտնվում է ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա, իսկ արեւելյան եւ արեւմտյան սահմանագծերի ամենամոտ հատվածներից`մոտավորապես 12-14 կմ հեռավորության վրա է: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` Հայաստանի գրեթե բոլոր հանքերը եւ ռազմավարական նշանակության օբյեկտները գտնվում են գրեթե նույն կամ ավելի մոտ սահմանային հատվածներում: Այդ առումով Ամուլսարը միակը չէ:

Որպեսզի կարողանանք անվտանգ շահագործել հանքավայրը, անհրաժեշտ է ունենալ ամուր սահմաններ, իսկ ամուր սահմաններ ունենալու նախապայմանը զարգացած, մրցունակ տնտեսությունն է: Ամուլսարի հանքավայրը միանշանակ նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Ուստի այս հարցը ես դիտարկում եմ այս շղթայի մեջ:    

– Տեղում ստեղծված ենթակառուցվածքների ո՞ր մասն է պահպանվել 5 տարվա պարապուրդից հետո: Կա՞ն ենթակառուցվածքներ եւ տեխնիկա, որոնք անվերադարձ կորսված են:

– Հիմնական ենթակառուցվածքները տեղում են, դրանց մի մասի շինարարությունն անավարտ էր մնացել 2018 թվականից հետո: Այժմ պետք է վերականգնողական աշխատանքներ տանենք եւ ավարտին հասցնենք, որպեսզի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք պատրաստ լինեն շահագործման համար: Ինչ վերաբերում է հանքային տեխնիկային, ապա տարիների ընթացքում չշահագործելու պատճառով նախորդ տարի որոշում կայացրեցինք այն վաճառել եւ աշխատանքների մեկնարկից առաջ ձեռք բերել ավելի ժամանակակիցը:    

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ՝ նախագիծը լիարժեք կյանքի կոչելու համար:

– Շահագործումը սկսելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Ակնկալում ենք, որ դրանք կտեւեն 18 ամիս:

ajax-loader