Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարը սպանվել է ուղիղ եթերի ժամանակ

Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարն իր տնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ գնդակահարվել է։ Հաղորդավարի սպանությունից հետո սկսվել են նրա մարդասպանների որոնումները, երկրի նախագահը դատապարտել է տեղի ունեցածը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։

231105195054-philippines-journalist-killed.jpg (58 KB)

 «Դիջեյ Ջոնի Ուոքեր» կեղծանվամբ հայտնի ռադիոհաղորդավար Խուան Ջումալոնի տունը ծառայում էր որպես ռադիոկայան․ նա ուներ 2900 հետևորդ, իսկ հաղորդմանը զանգահարող մարդիկ քննարկում էին տարբեր թեմաներ։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 5։35-ին, երբ չարագործը մտել է տուն և կրակել Ջումալոնի դեմքին։ Հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը։

Ոստիկանությունը պարզել է առնվազն 3 կասկածյալի ինքնությունը, այդ թվում՝ 2-ի, որոնք մտել են տուն, և նրանց վարորդի։

Ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրում է սպանության հնարավոր դրդապատճառները։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս կրտսերը (Բոնգբոնգ Մարկոս) X սոցիալական ցանցում խստորեն դատապարտել է ռադիոհաղորդավարի սպանությունը և հրահանգել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

«Մեր ժողովրդավարական երկրում չենք հանդուրժի լրագրողների դեմ հարձակումները, իսկ նրանք, ովքեր սպառնում են ԶԼՄ-ների ազատությանը, կբախվեն իրենց գործողությունների բոլոր հետևանքներին», – գրել է նա։

CNN-ը նշում է, որ Ֆիլիպիններն ամենավտանգավոր երկրներից մեկն է լրագրողների համար։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսի համաձայն՝ 180 երկրների շարքում այն զբաղեցնում է 132-րդ հորիզոնականը։

ajax-loader