Խնդիրներ, որոնք սպասում են լուծումների․ միության աշխատակիցներն այցելել են անդամ ընկերություններ

Ակնհայտ է, որ պայմանավորված վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններով, ընդերքօգտագործման և մետալուրգիայի ոլորտի ընկերություններում կուտակվել են տարատեսակ խնդիրներ, որոնց մեծ մասը ընդհանուր բնույթ է կրում։ Դրանցից առաջինը դրամի անընդհատ ու աննախադեպ արժևորումն է։

Իրողությունն այն է, որ ընդերքօգտագործողների եկամուտները գոյանում են բացառապես արտադրանքի արտահանումից։ Արդեն տարուց ավել է, ինչ արտարժույթը՝ լինի ԱՄՆ դոլար, եվրո, թե ռուբլի, դրամի համեմատ զգալի և շարունակաբար արժեզրկվել է, ինչը ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել ընկերություններին։ Միությունն անընդհատ այս առիթով ահազանգեր է ստանում իր անդամներից, ամփոփվում ու վերլուծվում են տեղերից եկած առաջարկությունները, փնտրվում են ընդունելի լուծումներ, որոնք պաշտոնական գրություններով՝ որպես ճգնաժամային արտակարգ իրավիճակներում առաջացած իրողություններ, ներկայացվում են լիազոր մարմիններին, ՀՀ կառավարություն, Միության նախագահի կողմից բարձրաձայվում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին։ Այլ հարց է, թե որքանով և ինչպես են արձագանքում պետական կառավարման մարմինները ընդերքօգտագործողների ահազանգերին։

Միության անդամ կազմակերպություններում աշխատանքային առօրյային անմիջական և մոտիկից ծանոթանալու, հանքագործների և մետալուրգների առջև ծառացած խնդիրների պատճառներն ու հետևանքները ընկերություններում խորությամբ ու համատեղ քննարկելու, դրանց լուծման հնարավոր արդյունավետ ուղիներ գտնելու նպատակով Միության աշխատակազմը վերջին ամիսներին կազմակերպեց այցելություններ հանրապետության այն մարզեր, որտեղ հիմնականում գործում են ոլորտի ընկերությունները։

Ստորև համառոտ ներկայացնում ենք ամեն մի առանձին կոլեկտիվում լուծման կարոտ խնդիրները, լիահույս լինելով, որ դրանք լսելի և ընկալելի կդառնան պետական իրավասու մարմինների կողմից և, հնարավորության դեպքում, կստանան բավարարող պատասխաններ։

«Թեղուտ» ՓԲԸ-ում զրուցեցինք ընկերության գլխավոր տնօրեն պարոն Վլադիմիր Նալիվայկոյի և գլխավոր ինժեներ Արեն Առաքելյանի հետ։

Խնդիրն այն է, որ ամեն ինչից զատ այս կոլեկտիվը բախվել է նաև արևմտյան երկրների կողմից ՌԴ հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, որի հետևանքով գրեթե անհնար է դարձել Լոնդոնյան բորսայում սահմանված գներով գնորդներ գտնելը, ինչը երկարաժամկետ և անորոշ պարապուրդների պատճառ է դարձել՝ իր բոլոր հետևանքներով։

Ինչպես մյուսների, թեղուտցիների համար ևս մեծ խնդիր է դրամի աննախադեպ արժևորումը, որը հանգեցրել է արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը, ուստի և նվազել է առանց այն էլ աննշան շահույթը։  Այս գործոնն առավել մեծ ազդեցություն ունի ընկերության գործունեության վրա, քանի որ ընկերության ուսերին են մնացել նախորդ սեփականատիրոջ կողմից վերցված վարկային բոլոր պարտավորությունները։

Ըստ գլխավոր տնօրենի, ընդերքօգտագործման ոլորտի հետևողական և կայունորեն զարգացմանը մեծապես խոչընդոտում են օրենսդրական դաշտի հաճախակի, երբեմն անգամ անհարկի փոփոխությունները։ Դրանք ամենից առաջ և ամենաշատը արգելակում են ներդրումների ներգրավմանը և, եթե դրանց էլ գումարենք վարչարարության անհիմն ավելացումները, պատկերն առավել ամբողջական կդառնա։ Օրինակ, այնպիսի տեղեկատվության ներկայացման պահանջի սահմանումը, որի արժանահավատությունն ստուգելու իրավասություններ լիազոր մարմինը չունի։

Հանքագործներին մտահոգում է նաև օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման օրենքով սահմանաված պահանջը։ Այսինքն, հաշվի չի առնված այն հանգամանքը, որ ընկերությունները, որպեսզի մեծ ֆինանսական միջոցներ ներդնեն, ստիպված են օգտվել վարկային կազմակերպությունների ծառայություններից, որոնց սպասարկելը առանց շահույթի պարզապես անհնար է, այնինչ՝ մինչև արդյունահանման գործընթաց սկսելը և շահույթ ստանալը, հաստատված  պաշարներով հանքավայրի շահագործման համար պահանջվում է 5-7 տարի։ Այս առթիվ Վլադիմիր Նալիվայկոն վկայակոչում է ավելի արդյունավետ գործող ՌԴ օրենսդրությունը, համաձայն որի պաշարների վերագնահատման անհրաժեշտությունն առաջանում է արդյունահանման ընթացքում՝ շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքների վերլուծության հիման վրա։

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության իրականացումը պարունակում է մեծ ռիսկայնություն, ուստի, օրինակ, տնտեսական ճգնաժամային, համաճարակային, արտակարգ և այլ իրավիճակների դեպքերում պետական աջակցությունն անխուսափելի է և պահանջվում է վարել ճկուն հարկային քաղաքականություն՝ հարկերի կամ օրենքով սահմանված այլ վճարների ժամկետների հնարավոր հետաձգում, օրենքով նախատեսված սահմանափակումներից ազատում և այլն։

Արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան նաև «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում։ Հանդիպմանը սիրով ընդառաջելով, ընկերության գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանը ներկայացրեց արտադրության ներկա վիճակը, կոլեկտիվի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները։

Ինչպես մյուսներում, ընկերության համար մեծ խնդիր է դրամի կայուն արժևորումը, որը հանգեցրել է արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը։Դրանից, բնականաբար, նկատելիորեն նվազել է լեռնագործների առանց այդ էլ ոչ մեծ շահույթը։ Ակնհայտ է, որ փոքր և հատկապես ստորգետնյա եղանակով գործող հանքավայրի  համար սա լուրջ խնդիրներ է առաջացրել, քանի որ այս եղանակով արդյունահանված հանքաքարի ինքնարժեքը ավելի բարձր է, քան բացահանքինը։

Առանձնակի մտահոգություն է ընդերքօգտագործման թափոնների տեղադրման և պահպանման հարկերի խնդիրը։ Ընկերությունը մեծ ծախսեր է կատարում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու համար, ասենք, հանքաքարի վերամշակման գործընթացում, որի շնորհիվ ստանում է չոր պոչանք, սակայն վճարում է նույն հարկաչափը, ինչ վճարում էր մինչ այդ։

Ախթալացիները ևս դժգոհում են պաշարների վերագնահատման ընթացակարգից, քանի որ միջազգային բանկերից ներդրումներ ներգրավելու համար ընկերությունը ստիպված մեծ ծախսեր է կատարելու, որպեսզի պաշարները վերագնահատվեն նաև բանկերի համար ընդունելի եղանակով։ Այս լրացուցիչ, թերևս՝ անհարկի ծախսը փաստացի առանց շահույթ ստանալու գրեթե անհնարին է դարձնում արտադրության բնականոն շարունակականությունը։

«Մեղրաձոր Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023թ․ հուլիսից ամբողջությամբ դադարեցրել է արդյունահանման աշխատանքները, որի պատճառներից մեկը դրամի անընդհատ արժևորումն էր՝ հասկանալի հետևանքներով, մյուսը՝ ընդերքօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգումը։ Նման պայմաններում ընկերության համար մեծ խնդիր էր ֆինանսական կազմակերպություններից վարկ վերցնելը։ Ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ անհրաժեշտ է համարում թույլտվության ժամկետի երկարաձգման օրենսդրական կարգավորումների վերանայում, քանի որ այն պարունակում է անհիմն վարչարարության դրույթներ։ Եթե ընկերությունը աշխատում է բարեխիղճ և պատասխանատու է շրջակա միջավայրի աղտոտման և հետևանքների վերացման համար, ինչպես նաև գործունեությունը հետագայում շարունակելու համար նախագծային փոփոխությունները չեն հանգեցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության, ապա թույլտվության տրամադրումը պետք է դիտարկվի արագացված ռեժիմով։ Հակառակ դեպքում արդյունահանման գործընթացի ընդհատումը կարող է բարձրացնել ծրագրի իրագործման ռիսկը։ Վերանայման կարիք ունեն նաև օրենքով սահմանված այլ վճարնեի դյույքաչափերը։

 Վարդան Մարգարյանը տեղեկացրեց, որ դեռևս 2016  թվականից ընկերությունում ներ է դրվել ջրի փակ շրջանառու համակարգը, որը թույլ է տալիս արտադրական գործընթացների ժամանակ օգտագործված և ջրահավաք կառույցի միջոցով պոչամբար թափվող խյուսից անջատված, ինչպես նաև ստորգետնյա փորվածքներից արտահոսող ջրերը վերադարձնել նորից արտադրություն՝ բացառելով արտադրական տարածքներից դրանց արտահոսքը։ Այս նպատակով լեռնահատկացման տարածքում տեղադրվել է անհրաժեշտ տարողության ջրի բաք։ Հիշեցնենք, որ օրենքով այս համակարգի պարտադիր ներդման պահանջը սահմանվել է 2021 թվականից։ Պոչամբարի մակերեսը արդյունահանմանը զուգընթաց ենթարկվում է ռեկուլտիվացիայի։

Ասվածն ավելի համոզիչ ներկայացնելու համար տնօրենը մեզ ուղեկցեց լեռնահատկացման տարածք, որտեղ անզեն աչքով էլ կարելի էր տեսնել ասվածի ապացույցը։

«Ագարակի ԼՀԿ»  ՓԲԸ արտադրության գծով տնօրեն Օլեգ Աբրամովը հանդիպման ժամանակ կարևորեց մասնավորապես՝

– օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրազեկման անհրաժեշտությունը, քանի որ ընկերությունների ծանրաբեռնված լինելու հանգամանքը ոչ միշտ է թույլ տալիս հետևելու տարբեր լիազոր մարմինների կողմից ձեռնարված օրենսդրական նախաձեռնություններին ու փոփոխություններին։

– պետական կառավարման մարմինների աջակցությունը հանքարդյունաբերության ոլորտի հասցեին բնապահպանական հասարարկական կազմակերպությունների կողմից հնչեցված երբեմն անհարկի մեղադրանքներին պաշտոնապես պարզաբանելու  հարցում։

 Քննարկվեցին նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման օրենսդրական կարգավորումների և դրանց իրակակացման հետ կապված խնդիրները։

«Չաարատ Կապան» ԲԲԸ-ի (Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախկին շահագործող) տնօրեն՝ Դավիթ Թովմասյանի հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր այն առումով, որ զրույցի ընթացքում կարողացանք ծանոթանալ միջազգային բորսայում ցուցակված կազմակերպության՝ ՀՀ-ում գործունեությունը դադարեցնելու հիմնական խնդիրներին, որոնց լուծումը հնարավություն կտար հետագայում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներ կատարելը դարձնել առավել գրավիչ։ Նման կարևոր խնդիրներից տնօրենն առանձնացրեց․

– պետության կողմից հանքարդյունաբերության դիտարկումը որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, որը թելադրում է ընկերություններին տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետությանը վերապահված իրավասությունների շրջանակներում տարբեր տեսակի աջակցության ցուցաբերում։

– պաշարների գնահատման և վերագնահատման գործընթացը միջազգային պահանջների և չափանիշներին համապատասխանեցումը, ինչը թույլ կտա մեծ ֆինանսական միջոցներ պահանջող հանքարդյունահանման ծարագրերի արժեքը նվազեցնել (քանի որ ընկերությունները պաշարները գնահատում են 2 տարբերակով, մեկը՝ գործող օրենսդրությամբ սահմանված (նախկին ԽՍՍՀՄ-ի) պահանջներին համապատասխան, իսկ 2-րդը՝  միջազգային պահանջների և չափանիշներին համապատասխան), առավել դյուրին դարձնել դրանց ձեռքբերումը և  հանքարդյունահանման ծրագրերի իրագործման նկատմամբ իրականացնել արդյունավետ հսկողություն,

– հանքարդյունաբերության ոլորտի հասցեին բնապահպանական հասարարկական կազմակերպությունների կողմից հնչեցված երբեմն անհարկի մեղադրանքներին պաշտոնապես պարզաբանելու  հարցում համապատասխան հսկողական իրավասություններ ունեցող լիազոր մարմինների աջակցությունը։

«Հեքսագոն Թի Էս» ՍՊԸ համար ևս մեծ խնդիր է դրամի արժևորումը, որի պատճառով բարձրացել է արտադրանքի ինքնարժեքը, բնականաբար, նվազել է շահույթը, այնինչ ընկերությունը նոր ներդրումների նպատակով ներգրավված միջոցներ ունի, որոնք պետք է ժամանակին վերադարձնել, այլապես ֆինանսական լուրջ խնդիրներ կառաջանան։

Ընդերքօգագործող չհանդիսացող փոքր ընկերությունների կողմից հանքաքարի վերամշակման  արդյունքում  ստացված արտադրանքի արտահանման համար ցուցակված միջազգային լաբորատորիաների տվյալների առկայության պարտադիր պահանջը խոչընդոտում է ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ նրանց ծառայությունները պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ և ժամանակ։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտվել տեղական լաբորատորիաներից ինչպես դա իրականացվում էր մինչ օրենքի նոր փոփոխությունները։

(շարունակելի)

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

ajax-loader