Կկանոնակարգվի օնլայն տաքսիների գործունեությունը. կսահմանվի էլեկտրոնային անդորրագրի պահանջ

Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները, որոնք ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ (էկոնոմ, կոմֆորտ, բիզնես)՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորության և վերահսկողության:

«Առկա խնդիրների կարգավորման սկիզբը դնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրքը տարեկան 1 մլն դրամ: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է սահմանել արտոնագրի պետական տուրք»,-ասաց Սիմոնյանը:

Պետական տուրքն անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից  կսահմանվի 1.5 տոկոսի չափով, 2025 թ հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում համապատասխանաբար 2024-ին՝ 2 տոկոսի չափով, 2025-ին՝ 3.5 տոկոսի չափով, 2026-ին՝ 5 տոկոսի չափով:

Կսահմանվի էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության և էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Ոլորտի իրավախախտումների դեպքում սահմանվում են վարչական պատասխանատվության միջոցներ:

«Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում առավել թափանցիկ և վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչը կնպաստի պետական բյուջե մուտքերի ավելացմանը»,-ասաց փոխնախարարը:

Օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից:

ajax-loader