Մեր և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այդ մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,– ասաց նա։

Բազրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։

«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,–հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ներկայիս կամուրջը կառուցվել է 1995 թվականին, Արաքս գետի վրա։

ajax-loader