Երևանում կկայանա Անիմացիոն կինոարվեստի «ՌեԱնիմանիա» փառատոնը

Հոկտեմբերի 22-28-ը Երևանում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Քաղաքապետարանից հայտնում են, որ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը Հայաստանում սկիզբ է դրել անիմացիոն կինոարվեստի  զարգացմանը, դարձել հարթակ Հայաստանում և արտերկրում անիմացիոն ոլորտի առաջխաղացման համար։

Այս տարի փառատոնը նշում է հիմնադրման 15-ամյակը և նվիրված է հայկական անիմացիոն կինոյի 85-ամյակին:

«ՌեԱնիմանիան», ինչպիսին և ստեղծվել է 15 տարի առաջ, այսօր էլ հարթակ է, որը հնարավորություն  կտա մշակույթի և անիմացիոն կինոլեզվի միջոցով խոսել մեր երկրի առաջնահերթությունների մասին, լսելի դարձնել Հայաստանի ասելիքը։

Փառատոնն ընդգրկում է 15 մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Կարևոր բաղադրիչներից մեկը «ՄառԱնի» անիմացիոն մասնագիտական հարթակն է, որի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին և 28-ին ԹՈՒՄՈ կենտրոնում նախատեսվում են հանդիպումներ, աշխատարաններ և պանելային քննարկումներ։ Հարթակի շնորհիվ հայ անիմատորներն ու մասնագետներն աշխարհի լավագույն պրոդյուսերներին և ընկերություններին ներկայացնում են իրենց գաղափարներն ու նախագծերը և հնարավորություն ստանում համաարտադրության սկզբունքով համագործակցել նրանց հետ՝ կյանքի կոչելու նախագծերը։

Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են «Կինոյի տանը», «Ռետրոսպեկտիվի»՝ հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները՝ ԹՈՒՄՈ կենտրոնում։

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է պաշտոնական կայքում:

ajax-loader