Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղում ՀՀ պետբյուջեի տրամադրած միջոցների հաշվին արդեն ավարտվել են կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 236, 5 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի ասֆալտբետոնե հին ծածկի քանդում և հեռացում, նոր հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծակի տեղադրում, բազալտե եզրաքարերի, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցում։
Երթևեկելի մասում և մուտքերում ճանապարհն ասֆալտապատվել է 1,2 կիլոմետր երկարությամբ՝ 11 հազար 200 քառակուսի մետր մակերեսով։ Իրականացվել են նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունիսին և ավարտին հասցվել հոկտեմբերի սկզբին։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել են «Ճանշին» ՍՊԸ շինարարները։