ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ բուհերում տվյալ մասնագիտությունով ուսման միջին վարձի չափը»,- նշեց նախարարը: 

Նա տեղեկացրեց՝ երբ ուսանողները առաջին կիսամյակից հետո ցուցաբերեն որոշակի առաջադիմություն, այդ կրթաթոշակի չափը կավելանա: 

«Առնձին քննարկում ենք ուսանողների մյուս խմբի հետ կապված խնդիրը: Մենք ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդահատման խնդիր և ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ իշխանությունների կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Այժմ մենք հավաքագրում ենք տվյալները այս խմբի ուսնողների համար: Առաջիկայում այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակեց նախարարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100  հազար 632 անձ:

ajax-loader