Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում:
Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով:
Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ:
Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, որը շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ունի լեռնամետալուրգիայի ոլորտում։
Արժանացել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանի (2009 թ.)։
2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվելուց առաջ (2017 թվականից) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վարչական տնօրենն էր։ Մինչ այդ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը (2011-2017 թթ.)։
Ստանձնել է մի շարք վարչական պաշտոններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության պետ (2009-2011 թթ.), «Ակունք ֆիրմ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ (2006-2009 թթ.), «Բելուգա» ՍՊԸ գործադիր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 2005-2006 թթ.), «Ար ընդ Ար» ՍՊԸ գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 1998-2005 թթ.)։ Աշխատել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում՝ ինժեներ (1996-1998 թթ.)։
Արթուր Նիկողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի մագիստրոսի որակավորում է ստացել 2019 թվականին, ուսանել է նախ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական բաժնում, այնուհետև՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1996-1998 թթ.)։
– Պարոն Նիկողոսյան, Ձեր ներկա կարգավիճակում առաջին հարցազրույցն է մեր պարբերականին, և չենք կարող չօգտագործել առիթն ու մեր երախտագիտությունը չհայտնել. Ձեր աջակցությամբ 2021-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Շուշիին նվիրված համարը, Ձեր աջակցությամբ 2022-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին: Դրանք իսկապես մնայուն գործեր են, որոնք պահվում են նաև մեր ազգային պահոցներում ու ընթերցվելու են գալիք սերունդների կողմից նույնպես: Մի խոսքով՝ հարգանք Ձեզ այդ ամենի համար:
– Ձեզ նույնպես շնորհակալ եմ՝ այդ կարևոր գործերը նախաձեռնելու համար։ Մենք մասնակցել ենք ուժերի ներածին չափով։ Կարծում եմ, իսկապես, կարևոր նախաձեռնություններ էին։
– Լրացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա իրադարձություն է ոչ միայն հանքագործների սյունիքյան ընտանիքում, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ու գործարար աշխարհում: Ձեր շնորհավորական խոսքն ընկերության աշխատակիցներին, վետերաններին և բոլոր նրանց, որոնց նվիրումի շնորհիվ կերտվել է արարման 70-ամյա ուղին:
– Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իսկապես Հայաստանի տնտեսության գոհարն է։ Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ։ 70 տարին պատկառելի տարիք է նույնիսկ հանքարդյունաբերական հսկայի համար։ Կոմբինատն այդ տարիքին է հասել բազմաթիվ ձեռքբերումներով, հպարտ անցյալով, և վստահ եմ՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներով լի ապագայով, ու դրանում ոչ միայն մեր կոլեկտիվի, այլև Քաջարան և Կապան համայնքների մեծ ավանդը կա։ Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին մենք բոլորս հպարտորեն կարողանանք ասել՝ ԶՊՄԿ-ն նաև աշխարհի ամենամոդեռն, ամենաառաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինակելի արդյունաբերողների շարքում է։
– Մեզանում քչերը գիտեն, որ Ձեր նախնիները, դեռևս 20-րդ դարասկզբին, անմիջական մասնակցություն են ունեցել մեր երկրամասի ու հատկապես Կապանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ մասին կուզենայինք մի փոքր ավելի հանգամանալից իմանալ:
– Սյունիքը մայրական կողմիս հայրենիքն է, և մեր ընտանեկան պատմությունները 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի Սյունիքի պատմության հետ սերտորեն կապված են։ Մայրս Խոջամիրյանների (Խոջամիրովների) գերդաստանից է։ Մորս պապը Սմբատ Խոջամիրովն է, ով 19-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի հանքարդյունաբերության պատմության կերտողներից էր։ Մասնավորապես՝ Կավարտի հանքի հայտնագործողը և դրանից սկիզբ առած մի քանի այլ հանքարդյունաբերական ծրագրերի սեփականատերը։ Ընտանեկան պատմությունը, ինչպես այդ շրջանի բոլոր ձեռնարկատերերինը, հետագայում տրագիկ շրջադարձ է ունեցել՝ կուլակաթափություն, աքսոր, և այլն։ Բայց մորս ընտանիքում հպարտությամբ էին հիշում, որ մեր նախնիները Հայաստանի ինդուստրիացման ակունքներում են կանգնած եղել։
Ես հանքարդյունաբերության ոլորտում պատահական մարդ չեմ, հայրս այս ոլորտում մեծ ավանդ ունի, կրթությունս նույնպես այս ոլորտում եմ ստացել։ Բայց այն, որ ճակատագիրն ինձ 2011 թվականից բերեց Սյունիք, սկզբում Ագարակի կոմբինատ, հիմա նաև՝ ԶՊՄԿ, ինձ համար խորհրդանշական է և պարտավորեցնող։
– Երբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասն անցավ նոր սեփականատիրոջը, երբ ընկերության ղեկավարումը վստահվեց Ձեր թիմին, անմիջապես ասեկոսեներ շրջանառվեցին, թե, իբր, աշխատողների կրճատումներ են լինելու, ինչ-ինչ գործող սոցիալական ծրագրերից եք հրաժարվելու…
Իհարկե, ընկերությունն անմիջապես հերքեց այդ խոսակցությունների հավաստիությունը:
Ընկերությունը միշտ էլ սոցիալական որոշակի պատասխանատվություն է կրել մարզի և մասնավորապես ազդակիր Քաջարան, Կապան, համայնքներում:
Հետաքրքիր է՝ որքա՞ն ներդրումներ է կատարել ընկերությունը նշված համայնքներում իրականացվող սուբվենցիոն (և ոչ միայն) ծրագրերում՝ ասենք՝ 2022-ի կտրվածքով:
Ներկայում սոցիալական ի՞նչ ծրագրեր է իրականացնում ընկերությունը Սյունիքի մարզում և, մասնավորապես, ազդակիր համայնքներում:
Առավել ուշագրավ ծրագրերից մի քանիսը…
– Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը։ Չկա ոլորտ, որտեղ ներդրում արած չլինենք։ Անցյալ տարի հիմնանորոգվեց Կապանի մարզադաշտը, իրականացվեցին բնակելի շենքերի նորոգման, մարզային ենթակառուցվածքների բարեկարգման մի շարք ծրագրեր։ Ինձ համար առանձնապես գնահատելի են կրթական ոլորտում մեր ներդրումները, երիտասարդ տաղանդների աջակցությունից մինչև մարզական և մշակութային ծրագրերը, մեր նպատակը երկարաժամկետ արժեքների ստեղծումն է։
Ընդհանրապես, ես կուզեի, որ սոցիալական ներդրումների արդյունավետությունը չափվեր ոչ թե գումարով, այլ ստեղծած սոցիալական, տնտեսական արժեքով։ Սոցիալական ծրագրերը չպետք է ինքնանպատակ լինեն։ Կարելի է պարզապես փող բաժանել բնակիչներին, բայց դա ոչ միայն սոցիալական արժեք չի ստեղծում, այլև վնաս է թե՛ համայնքի, թե՛ երկրի համար, քանի որ արժեզրկում է աշխատանքը։ Մենք պետք է բարեգործական ծրագրերից անցում կատարենք դեպի երկարաժամկետ արժեք, տնտեսական հնարավորություններ ստեղծող ծրագրերի։ Հայտնի այլաբանության օրինակով՝ ձուկ բաժանելու փոխարեն ձուկ բռնել սովորեցնենք։
– Դուք համեստորեն շրջանցում եք չափազանց կարևոր մի հարց կամ մի երևույթ, որից արդարացիորեն հրաժարվեցիք …Զանգեզուրի կոմբինատը փաստորեն դադարեց քաղաքական գործիք կամ մահակ լինելուց այս կամ այն խմբի կամ ուժերի ձեռքում, որին մարզը բախվեց 2015-16-ից սկսած: Դա իսկապես դրվատելի է, և լիահույս ենք՝ շարունակական է լինելու՝ որքան էլ դժվար լինի նման «վարքագիծը»:
– Չէի ցանկանա որևէ քաղաքական ենթատեքստ քննարկել։ Ընդհանրապես, կարծում եմ, բիզնեսը՝ արդյունավետ լինելու համար, պետք է ապաքաղաքական լինի։ Միակ արդյունքը պետք է լինի արդյունավետ աշխատանքը՝ բաժնետերերի, պետության, աշխատակիցների և համայնքի համար արժեքների ստեղծումը։
– Հանրությանն ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը հետևյալն է՝ ի՞նչ սկզբունքով կամ կարգով է կատարվում նոր աշխատողների ընդունելությունը: Տեղյակ ենք՝ հենց սկզբից նախապատվություն եք տվել ՀՀ զինված ուժերից զորացրվածներին, Արցախյան 3-րդ պատերազմի մասնակիցներին, ինչը, միանշանակ գնահատելի է: Բայց, դատելով վերջին իրադարձություններից, դեռևս կան զորացրվածներ կամ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ովքեր կուզենային կենսաթոշակի անցած լեռնագործների տեղը զբաղեցնել, ասել է թե՝ աշխատանքի ընդունվել:
– Անցյած տարվա ընթացքում մոտ 500 նոր աշխատակից է միացել կոմբինատին, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։ ԶՊՄԿ-ն միշտ եղել է տեղի երիտասարդների համար ամենացանկալի գործատուն, երկարամյա լավ մասնագիտական կարիերա կերտելու լավագույն հնարավորությունը, և դա այդպես է լինելու միշտ։ Սակայն չէի ցանկանա , որ աշխատանքի տեղավորումը դառնար բացառապես սոցիալական խնդիր լուծելու գործիք։ Թե՛ մարզի, թե՛ համայնքի, թե՛ կոմբինատի համար կարևոր է, որ այդ գործընթացը լինի թափանցիկ և հիմնված լինի մասնագիտական արժանիքների գնահատման վրա։ Ես ուզում եմ, որ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է այսինչը կամ այնինչն աշխատում կոմբինատում, լինի այդ մարդու մասնագիտական արժանիքները կամ կրթական հաջողությունները։
Այս պահին աշխատում ենք համապարփակ մարդկային ռեսուրսների քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որի հիմնական նպատակը պետք է լինի հենց այն, ինչ արդեն նշեցի։
– Ամիսներ առաջ ընկերությունը հայտարարություն տարածեց առ այն, որ մտադիր եք դպրոցականների ճամբար կառուցել և, եթե չենք սխալվում, շինարարական կազմակերպություն ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Դա շատ կարևոր հարց է, քանզի տասնամյակներ շարունակ կոմբինատի ճամբարում են մարզի փոքրիկները հանգստացել ամառային արձակուրդներին: Ի՞նչ ընթացքի մեջ է դպրոցական ճամբարի կառուցման ծրագիրը:
– Ծրագիրն ընթացքի մեջ է։ Մասնավորապես իրականացվում է նախագծերի մրցույթ։ Ներկայացված տարբերակներից լավագույնն ընտրելուց հետո արդեն կանցնենք հաջորդ փուլին։ Սա այն նախագիծն է, որն իսկապես օգտակար, արդյունավետ և ընդունելի պետք է լինի ողջ համայնքի համար, և շտապողականություն չենք դրսևորում։ Ուզում ենք, որ ներկայացվի և հաղթի իրապես լավագույն նախագիծը։
– Եվ վերջին թեման, որ կուզենայինք արծարծել. մի քանի խոսք, խնդրեմ, ընկերության կողմից անցկացվող մրցույթների մասին՝ և՛ նյութատեխնիական մատակարարման, և՛ բեռնափոխադրումների, և՛ ամենատարբեր ծառայությունների մատուցման առումով. թափանցիկություն, օբյեկտիվություն, տեղական հնարավորությունների օգտագործում…
– Թափանցիկությունը, գնումների, մատակարարումների մրցույթների օբյեկտիվությունը նախ և առաջ անհրաժեշտ են հենց ընկերությանը, հենց աշխատանքի արդյունավետության, լավագույն առաջարկը լավագույն գնով ապահովելու համար։ Դա նախ և առաջ կոմբինատի բաժնետերերի, հետևաբար նաև՝ պետության շահից է բխում, քանի որ որքան արդյունավետ աշխատի ընկերությունը, այնքան մեծ կլինի տնտեսական արդյունքը, այդ թվում՝ հարկային մուտքերի տեսքով։ Այդ առումով մենք մտադիր ենք հիմնավոր լուծում տալ խնդրին և այժմ աշխատում ենք գնումների ու մատակարարումների մրցույթների ավտոմատացված, թվայնացված առցանց համակարգի ստեղծման վրա։ Հույս ունեմ, որ մինչև այս տարվա կեսը կգործարկենք համակարգը, որի արդյունքում հետայսու բոլոր մրցույթները թափանցիկ և հասանելի կլինեն բոլորի համար, իսկ ընտրության չափանիշը կլինի մեկը՝ լավագույն գին-որակ համադրությունը։
Նյութի աղյբյուրը՝ «Սյունյաց երկիր» պարբերական