Մահացել է վերջին կնքահայրը՝ «Կոզա Նոստրայի» ղեկավարը Մեսինա Դենարոն

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատեո Մեսինա Դենարոն՝ սիցիլիական մաֆիայի «վերջին կնքահայրը», որը մեղադրվում էր «Կոզա Նոստրա»-ի կողմից իրականացված ամենասարսափելի հանցագործությունները կազմակերպելու մեջ: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

61-ամյա Դենարոն 1993 թ.-ից թաքնվում էր իշխանություններից, սակայն այս տարվա հունվարին նրան ձերբակալել էին Պալերմոյի մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կեղծ անվան տակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում։

Օգոստոսի 8-ին նրան բանտից տեղափոխել էին հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Ըստ պարբերականի՝ Դենարոն սեպտեմբերի 22-ից կոմայի մեջ էր։ Վերջին օրերին նրա կողքին էր դուստրը, որին առաջին անգամ հանդիպել էր ապրիլին՝ բանտում։

«Կոզա Նոստրա»-ի ղեկավարը համարվող Մատեո Մեսինա Դենարոն ստացել էր «Դիաբոլիկ» մականունը։ 2002 թ.-ին նա հեռակա կարգով դատապարտվել էր բազմաթիվ մարդկանց անձամբ սպանելու կամ նրանց սպանությունը պատվիրելու մեղադրանքով։

Մաֆիայի ղեկավարը մի անգամ հայտարարել էր, որ իր զոհերով լցրել է «մի ամբողջ գերեզմանոց»։

ajax-loader