Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղի հյուրանոցներում,  իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ ենթադրենք  Սիսիան, Տաթև համայնք, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»,- մանրամասնել է Յոլյանը՝ հավելելով, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են:

ajax-loader