Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան

Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է: Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր հոսքի համար  ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջին օրից սկսած: «Մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ: Մենք մեր գործողություններով ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը հենց սրա մասին էր:

Վարչապետը վստահեցրեց՝ ոչ մի բան չեն խնայի:

Փաշինյանի գնահատականը նույնն է՝ ուղիղ սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է: Սակայն իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահին կարող է փոխվել:

Վարչապետը նաև նշեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, ուստի կարևորեց հանրության հետ առավել ակտիվ հաղորդակցությունը:

ajax-loader