Ճապոնիան ճանաչվել է աշխարհի ամենատարեց երկիրը

Ճապոնիայի բնակչության տասը տոկոսից ավելին ներկայում 80 եւ ավելի տարեկան է, հայտարարել է երկրի կառավարությունը, տեղեկացրել է CNN-ը։

Ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ տարեց մարդկանց (65 եւ ավելի տարեկան) բաժինը Ճապոնիայում  նույնպես գտնվում է ռեկորդային բարձր մակարդակի վրա եւ կազմում է բնակչության 29,1 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։

Նախարարությունը թվերը հրապարակել է Տարեցների օրվա (պետական տոն) տոնակատարության առիթով։ Երկիրը բախվում է նաեւ ծնելիության կտրուկ անկման եւ աշխատուժի կրճատման խնդրին, ինչը կարող է ազդել թոշակների եւ առողջապահության ֆինանսավորման վրա, քանի որ ծերացող բնակչության պահանջարկն ավելանում է։

Ճապոնիայի բնակչությունն անշեղորեն կրճատվում է 1980-ական թթ. տնտեսական վերելքից հետո, ընդ որում՝ ծնելիության գործակիցը կազմում է 1,3, ինչը շատ ավելի ցածր է 2,1-ից, որն անհրաժեշտ է բնակչության կայուն թվաքանակի պահպանման համար՝ իմիգրացիայի բացակայության պայմաններում։ Մահացությունը Ճապոնիայում առաջ է անցել ծնելիությունից արդեն տասը տարի, ինչը խնդիրներ է ստեղծում աշխարհի երրորդ տնտեսության ղեկավարների համար։

Երկրում ամենաբարձրերից մեկն է նաեւ կյանքի տեւողությունը, ինչը նպաստում է տարեց բնակչության թվաքանակի աճին։

ajax-loader