Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի նախարարի և Թեհրանի քաղաքապետի դեմ

Մեծ Բրիտանիան, համաձայնեցնելով ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտոնյաների դեմ՝ կանանց հիջաբ կրելու ենթադրյալ հարկադրանքի պատճառով: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի և Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Օլ-Մահդիի դեմ սահմանափակող միջոցներ են սահմանվել, ներառյալ Մեծ Բրիտանիա մուտքի արգելքը և բանկային հաշիվների սառեցումը:

Պատժամիջոցների է ենթարկվել նաև Թեհրանյան Arvan Cloud ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ անվանվել է «Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարության առանցքային գործընկեր»:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի նկատմամբ սահմանափակումները համընկնում են 22-ամյա Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։ Նրա հուղարկավորությունը 2022 թվականի սեպտեմբերի 16-ին հանգեցրեց անկարգությունների Իսլամական Հանրապետությունում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանությունը նրան բերման է ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը հրապարակել է աղջկա մահվան պատճառների մասին պաշտոնական զեկույց, որում նշվում է, որ նա վնասվածքներ չի ունեցել:

Իրանի քրեական օրենսգրքի համաձայն՝ գլխաշոր կրելու կանոնները չկատարող կանայք, բացի տուգանքներից, ազատազրկում են՝ 10 օրից 2 ամիս ժամկետով։ Բացի այդ, նրանց նկատմամբ կարող են կիրառվել լրացուցիչ վարչական միջոցներ, մասնավորապես՝ պետական ​​ծառայությունից ազատում, աքսորում, երկրից դուրս գալու և ընդդիմադիր կազմակերպությունների հետ շփումների արգելում, գույքի բռնագրավում։ Էլ ավելի լուրջ պատիժ է սպասվում նրանց, որոնք համոզում և խրախուսում են ուրիշներին հրաժարվել հիջաբ կրելուց՝ նրանք կարող են դատապարտվել ազատազրկման՝ 1-ից 10 տարի ժամկետով։

ajax-loader