ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

«Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են 2 հիմնական դեպքերի համար. առաջինը, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, և երկրորդ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ»,-ասաց Սաֆարյանը:

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ:

«Մասնավորապես 2021-ին ընդունված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքի համաձայն՝ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու իրավասություն այլևս չունեն: Մյուս կողմից ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկներն իրականացնում են քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնում, որն աշխատատար ու ժամանակատար գործառույթ է: Այդ պատճառով առաջարկվում է սահմանել ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության պետական գրանցման ծառայության համար սահմանված պետական տուրքին հավասար դրույքաչափ»,-ասաց Սաֆարյանը:

Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ Փոխնախարարը նշեց՝  2020 թվականի ապրիլի 2-ին կատարված փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական, ոչ կենսաչափական անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել, ստանալ փոստով՝ այդ նպատակով օգտագործելով տեսակապի հնարավորությունը:

ajax-loader