Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը հնարավոր կլինի քննարկել նաև արտահերթ նիստին. նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում:

Ազգային ժողովում հերթական նիստում Հակոբյանը նշեց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի հերթական նիստերում։

« Օրինակ, եթե դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենում սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննարկել միայն սեպտեմբեր ամսին՝ երեք ամիս անց։ Առաջարկվող լրացմամբ պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել արտահերթ նիստում»,- ասաց Հակոբյանը, հավելելով, որ նախագծի ընդունմամբ միջնորդագրի քննարկման գործընթաց չի ձգձգվի կարգավորումներով պայմանավորված։

ajax-loader