ՇՄԶ հավաստագրի պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ- ից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա

Կառավարությունը առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց  ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Այն տրվում է 5 տարվա ընթացքում բուժաշխատողների կողմից մասնակցած տարբեր  դասընթացների, համաժողովների և այլ միջոցառումների ժամանակ կրեդիտների հավաքագրման արդյունքում։

«Գործող մեր օրենսդրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն ՇՄԶ հավաստագիրը, որը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղում նման հավաստագրի ինստիտուտի բացակայությամբ։ Եվ խնդրին լուծում տալու համար Կառավարությունը շրջանառության մեջ է դրել այս նախագիծը, որով հնարավորություն է տալիս երկարաձգել այս նորմի կիրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների նկատմամբ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Նանուշյանը։

ajax-loader