2024-ին կանխատեսում ենք 7% տնտեսական աճ․ ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ։

«Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում. հունվար-օգոստոսին գրանցվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7%-ի շրջանակում եւ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024թ. եւս թիրախավորում ենք ապահովել 7% տնտեսական աճ եւ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75%-ին կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2,566 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15.4 %-ով»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ տնտեսական աճը ներառական է եղել, քանի որ բարձր տնտեսական աճն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի՝ գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով։

«2023թ. հունվար-հուլիսին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 6% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 18.5%-ով` կազմելով 262,591 դրամ, իսկ իրական աշխատավարձը -0.2% գնանկման պայմաններում աճել է 18.7%-ով: Ակնկալում ենք՝ աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաեւ 2024թ.՝ նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը:

Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ՝ գերազանցելով 2023 թվականի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ շուրջ 15.9%-ով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի կապիտալ ծախսերից 126 մլրդ դրամով կամ 22%-ով:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ 3.2%, որի հետեւանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4%»,- ներկայացրել է նախարարը:  

ajax-loader