2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։

«2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ դրամ շահութահարկ, իսկ 2018 թվականի ապրիլին 36,7 միլիարդ դրամ շահութահարկ։ Ըստ այդմ, 2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը 2022 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշից ավել է 62,1 միլիարդ դրամով կամ 63,1 տոկոսով, իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա շահութահարկից ցուցանիշը ավել է 123,8 միլիարդ դրամով կամ 337,3 տոկոսով»,- ասաց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ 2023 թվականին Հայաստանում բիզնեսը 337 տոկոսով ավել շահույթ է ստացել։

«Եթե խոսենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, կասեն, որ 2022 թվականի շահույթները աննախադեպ են, բայց մյուս կողմից ստվերի կրճատումը և նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք նպաստել են այս գործընթացին, նույնպես կարևոր են»,- եզրափակեց վարչապետը։

ajax-loader