Երևանի ավագանու 2023-ի ընտրությանն արձանագրվել է ամենացածր ցուցանիշը․ ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել։ Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։

Ավելին, սա ընտրողների որոշումն է։ Եվ ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ կարող եմ ասել, որ ազատ ու ժողովրդավարական ընտրությունները ողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասել է Հովակիմյանը։

Երևանի ավագանու ընտրություններին  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից 234 հազար 553 ընտրող կամ 28,46 տոկոսը։

Աջափնյակ- 23,229 մարդ, կամ 27,98%

Ավան- 12,575 մարդ, կամ 32,22%

Արաբկիր- 29,301 մարդ, կամ 30,99%

Դավթաշեն- 10,709 մարդ, կամ 31,98%

Էրեբունի 21,719 մարդ, կամ 24,35%

Կենտրոն- 28,714 մարդ, կամ 30,25%

Մալաթիա-Սեբաստիա- 27,490 մարդ, կամ 25,86%

Նոր Նորք- 28,889 մարդ, կամ 29,63%

Նորք Մարաշ- 3,314 մարդ, կամ 31,07%

Նուբարաշեն- 2,250 մարդ, կամ 27,9%

Շենգավիթ- 29,357 մարդ, կամ 26,5%

Քանաքեռ-Զեյթուն- 17,006 մարդ, 29,98%:

Նախորդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած մայրաքաղաքային ընտրությանը վերջնական մասնակցությունը կազմել է 43,65%՝ 848 343 ընտրողից քվեարկել է 370 324-ը։ 2017 թվականի մայիսի 14-ին մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրությանը մասնակցությունը կազմել է 40,99% (345226)։

ajax-loader