Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր

Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: 

Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս Խաղերում կաշխատեն մոտ 45.000 կամավորներ աշխարհի տարբեր երկրներից:

Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

ajax-loader