Սփյուռքից 20 երիտասարդ կդառնա Հայաստանի դեսպան իր համայնքում

Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նոր փուլը, որտեղ տարբեր երկրներից 20 սփյուռքահայ երիտասարդներ հնարավորություն կստանան երկշաբաթյա դասընթաց անցնել Հայաստանում, որից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:

«Սփյուռքի երիտարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

«Արդեն երրորդ տարին է, որ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Հետաքրքրվածությունը սփյուռքի շրջանում բավականին մեծ է, որովհետև այն արդյունավետությունը, որը ծրագիրն ապահովում է՝ հնարավորություն է տալիս մյուս երիտասարդներին ևս փորձել այս ծրագրի մաս կազմել: Հայտերի ընդունման գործընթացն արդեն մեկնարկել է և կավարտվի հունիսի 1-ին: Արդեն ունենք հայտեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, այս տարի բավականին ակտիվություն է ցուցաբերվում»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագծի նախորդ տարիների դիմելիությանը՝ Գրետա Մնացականյանը նշեց, որ անցնող երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ դիմել է մոտ 200 հոգի: Աշխարհագրությունը բավականին լայն է և դիմում են տարբեր երկրներից: Ակնկալում են, որ նույնպիսի ընդհարձակ աշխարհագրություն կունենան նաև 2023-24 թվականի ծրագրի համար:

«Եթե այս երկու տարիների ընդհանուր պատկերի հիման վրա ներկայացնելու լինենք ծրագրի արդյունքն, ապա այն ակնհայտ դրական է, և կան շատ հետաքրքիր օրինակներ՝ ինչպես 2021-22 թվականի մեր Ռուսաստանի երկու դեսպաններն են, ովքեր իրենց համայնքներում ունեն արդեն գործող կրթամշակութային կենտրոններ: Բարձր ենք գնահատում նաև կապերի ձևավորվումը, որ ստեղծվում է Հայաստանի տարբեր կառույցների, անձերի և մեր մասնակիցների միջև, բացի դրանից ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի սփյուռքի տարբեր համայնքներում ապրող և գործող մեր երիտասարդները կարողանան իրար ևս ճանաչել»,- ասաց նա:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ իրականում այս ծրագիրը հայրենադարձության նպատակ չի հետապնդում, բայց 2021-22 թվականի մասնակիցներից երեքն այսօր արդեն «իԳործ» ծրագրի շրջանակում Հայաստանում են: Հույս ունենք, որ նրանք ծրագրից հետո էլ կշարունակեն ապրել ու աշխատել հայրենքում:

«Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2023 թ. սեպտեմբեր-2024 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում»,- ընդգծեց Մնացականյանը:

Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ և հիշատակի վայրեր:

Համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ: Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Ռուսաստանի Սարատովի Երիտասարդական խորհրդի միության անդամ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ընթացիք տարվա՝ 2022-23 թվականի մասնակից Անի Սարգսյանը նշեց, որ երբ պատրաստվում էր գալ Հայաստան ծրագրին մասնակցելու, հասկանում էր, որ իրենց շատ գիտելիք ու տեղեկատվություն են փոխանցելու, որ պետք է օգտագործեն իրենց համայնքներում, բայց ստացան ավելին, քան պատկերացնում էին:

«Փորձի փոխանակումը այս և նախորդ տարվա դեսպանների հետ, անմիջական կապը Սփյուռքի գրասենյակի հետ, և այն բոլոր դասընթացները, թրեյնինգները, հանդիպումները և այցելությունները, որոնք տեղի են ունեցել այս 14 օրվա ընթացքում օգնում են մեզ ամրացնել կապերը համայնքներում, լուծել մեր համայնքներում խնդիրները, ստեղծել Սփյուռք-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան կապը, ինչպես նաև բոլոր դեսպանների հետ միասին իրականացնել մի շարք նախագծեր մեր համայնքների և Հայաստանի համար»,- ասաց Անի Սարգսյանը:

Խոսելով ապագայի մասին՝ ծրագրի մասնակիցը չբացառեց ապագայում Հայաստան տեղափոխվելու և աշխատելու գաղափարը:

Ծրագրին կարող են դիմել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդներն, ովքեր`առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, տիրապետում են հայերենին (հասկանում են և կարողանում են հաղորդակցվել), Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, համայնքային, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք, ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների կազմակերպման փորձ, դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքում իրենց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում և նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձառություն (ցանկալի է)։

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

Հայտադիմումների ընդունման գործընթացի մեկնարկը տրվել է 2023 թվականի ապրիլի 17-ին և կավարտվի 2023 թվականի հունիսի 1-ին:

ajax-loader