20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան

Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։

Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։

«Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ադրբեջանցիներին տեղյակ պահել գործարանի կառուցման մասին։ Մենք օրենք չենք խախտել, իսկ նրանց կեղծ փաստարկները հերքվել են պետական մակարդակով»,- ասաց Օսիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության վրա դրական չի ազդում նաև որոշ տեղական բնապահպանական կազմակերպությունների գործունեությունը, որոնք առանց համարժեք ուսումնասիրությունների անհարկի խուճապ են առաջացնում հասարակության շրջանում։

«Ամուլսարն աշխատացնելու մասին որոշում կայացվեց, սակայն բնապահպան ակտիվիստների ճնշման արդյունքում հասարակական դիմադրության պատճառով չաշխատեց։ Դա բացասական հետևանք ունեցավ․ պետությունը չստացավ 500 միլիոն դոլար, անուղղակի՝ մոտ 1 մլրդ դրամ»,- նշեց նա։

Արամ Օսիկյանը կարծում է, որ ՀՀ բնապահպանական կազմակերպությունները երբեմն վնաս են պատճառում տնտեսությանը, ուստի պետք է առավել մանրակրկիտ հետազոտություններ կատարեն պատասխանատու հայտարարություններ անելուց առաջ։

ajax-loader