Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կշահագործվի մինչեւ 2036թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Կառավարությունից հայտնել են, որ Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել զեկույցով եւ ներկայացրել 2022թ. իրականացված աշխատանքները:

Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., եւ իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100% ջերմային հզորությամբ՝ 92%-ի փոխարեն։

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026թթ., մշակվել եւ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաեւ կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչեւ 2036 թվականը։

Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչեւ 2040թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող եւ միջուկային էներգիայի արտադրությամբ:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող եւ այլ հարցեր:

ajax-loader