Սեպտեմբերի 2-րդ կեսին Սիրիայում ընտրություն կանցկացվի՝ Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ

Սեպտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական ժողովի՝ խորհրդարանի ընտրություններ: Այդ մասին հայտնում է սիրիական Syria TV-ին՝ վկայակոչելով Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների Գերագույն կոմիտեի հայտարարությունը։  

Գերագույն կոմիտեի ղեկավար Մուհամմադ Թահա ալ-Ահմադի խոսքով՝ Ժողովրդական ժողովի տեղերի թիվը 150-ից աճել է մինչև 210:  

Նրա խոսքով՝ խորհրդարանական տեղերից 2/3-րդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ին կնշանակի երկրի նախագահը։

Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի համար նոր օրենսդրության ձևավորման և երկրի համար մշտական սահմանադրության ստեղծմանը նպաստելու համար։

Կառավարությունը հայտարարել է, որ թույլ կտա օտարերկրյա դիտորդներին վերահսկել քվեարկությունը վերահսկող ընտրական հանձնաժողովները։

Reuters-ի տեղեկացմամբ՝ պաշտոնյաները հայտարարել են, որ կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող շրջաններում և դրուզների մեծամասնությամբ Սուեյդա նահանգում տեղերը կշարունակեն բաշխվել բնակչության թվի հիման վրա։

ajax-loader