«Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ էստոնական «Նարվա Տրանսի» նկատմամբ։ Մեր թիմն ունենալով մեծ առավելություն կոտրեց մրցակցի դիմադրությունը ըստ էության վճռելով դիմակայության ելքը։ Ցուցադրելով բալանսավորված ֆուտբոլ «Փյունիկը» խաղային բոլոր առումներով գերազանցեց էստոնական թիմին։ «Հաճելի է, որ առաջին խաղը եվրոպական մրցաշարը հաղթանակով սկսեցինք:

Խաղից առաջ ասել էի, որ մենք ունենք ծրագիր, որն աշխատելու դեպքում մենք կհասնենք հաջողության: Վստահ եմ՝ այն ծրագիրը, որ մենք պատրաստել էինք այսօրվա խաղի համար աշխատեց: Ճիշտ է 26 հարված ենք կատարել դարպասի ուղղությամբ և խփել ընդամենը 2 գոլ, որը չի գոհացնում, բայց ընթացքում կլուծենք այդ խնդիրը: Ընդհանուր առմամբ, թիմը գիտեր ինչ էր անում դաշտում:

Դիրքային գրոհներ կատարելիս խնդիրների էինք բախվում, բայց դրա վրա աշխատել էինք և ես այսօր տեսա, որ մեզ մոտ դիրքային գրոհներն ու թիմային օղակների միջև համագործակցությունն արդեն ստացվում է:Շարժվում ենք առաջ: Հյուրընկալվելիս հեշտ չի լինի, քանի որ յուրաքանչյուր թիմ տանն ավելի լավ է խաղում: Պետք է հավաքվենք, մոռանանք այս հաղթանակը և պատրաստվենք հաջորդ խաղին»,- խաղից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Երեկ կրկին համոզվեցինք, որ «Փյունիկը» շարունակում է մնալ հայկական ամենապրոֆեսիոնալ ակումբը, որը հստակ գիտի ինչպես խաղալ եվրոպական ասպարեզում։ Եվրագավաթների մասնակցող հայկական 4 թիմերից «Փյունիկը» միակն է, որը մեկնարկային հանդիպումներում հաղթանակ տարավ և վարկանիշային միավորներ վաստակեց Հայաստանի համար։ Երեկ հաղթանակ էինք անկնկալում նաև «Ալաշկերտից», որը մրցում էր կարգով ավելի ցածր Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1։1։ Ասել, որ «Ալաշկերտը» վատ խաղաց միանգամայն ճիշտ չի լինի։

Դաշտի տերերի գրոհները սուր էին, ֆուտբոլիստների գործողություններում կար միտք։ Մրցակիցը ապավինելով պաշտպանությանը կարողացավ արդյունավետ հակագրոհ կազմարերպել։ «Ինչպես պլանավորել էինք, խաղը սկսեցինք ագրեսիվ։ Գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց չգրավեցինք մրցակցի դարպասը։ Ամբողջ խաղում չեմ հիշում բացի գոլային պահից ինչ ուրիշ հնարավորություն է ունեցել մրցակիցը։ Ամեն դեպքում, իրենք օգտագործեցին իրենց պահը, իսկ մենք՝ ոչ։ Միակ դրական կողմն այն է, որ նմանատիպ խաղերում գոլ բաց թողնելուց հետո բարդ է հետ գալ խաղ, բայց կարողացանք հավասարեցնել հաշիվը ու կարող էինք նաև հաղթել։ Ամեն դեպքում, մենք գերիշխում էինք խաղադաշտում, բայց անընդունելի է այս արդյունքը։ Գոլային պահեր չիրացնելը կապում եմ հոգեբանական խնդրի հետ, այդ պահին ֆուտբոլիստը կամ լարվածություն է զգում, կամ անվստահություն»,- խաղից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։

Վերջինիս դիտարկումների հետ կարելի է համաձայնվել։ Նման հանդիպումներում այսպես ասած չեղած տեղից գոլ բաց թողնելն ու չհաղթելն անընդունելի է, բայց․․․։ Վերլուծելով երեկվա հանդիպումը կարող ենք ասել, որ պատասխան մրցավեճից առաջ «Ալաշկերտն» ունի առավելություն և պետք է հաղթի այս դիմակայությունում։ Կարճ ասած՝ Գևորգյանի թիմը խաղադաշտում օգտագործի որակական և խաղային մեծ առավելությունը։

Ոչ-ոքի 1։1 խաղաց նաև Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան»։ Ի տարբերություն «Նարվա Տրանսի» և «Արսենալ Տիվատի» «Արարատ-Արմենիայի» մրցակից ալբանական «Էգնատիան» ցուցդրեց որակյալ ֆուտբոլ և կարող էր նույնիսկ Երևանից հեռանալ հաղթանակով։ «Արարատ-Արմենիան» գնդակ բաց թողեց հանդիպմանն ավելացված 7-րդ րոպեին։ Բայց հանուն արդարության նշենք, որ ալբանական թիմը երկրորդ կեսում ավելի լավ տեսք ուներ։ Վարդան Մինասյանը փորձեց հաղթել տակտիկական պայքարում, բայց․․․։

Ֆիզիկական պատրաստվածության առումով խաղավարտին մոտ մեր թիմում խնդիրներ կային։ «Իհարկե, սա այն չէ, ինչ մենք ուզում ենք տեսնել, բայց բնական է, որ 3 շաբաթում կատարած աշխատանքն առայժմ այսքան է բավականացնում։ Փոխարինումները 2-րդ կեսում ավելի շատ եղան հարկադրաբար, ոչ թե տակտիկական առումով։

Տարբեր վնասվածքներ եղան, հոգնածություն կար։ Ճիշտ է, միշտ ցավալի է վերջին րոպեին գոլ բաց թողնելը, բայց համարում եմ, որ դեռ շանսերը 50/50 են։Մեր մոտ սելեկցիան դեռ ավարտված չէ։ Այն, որ մենք պետք է փոխենք 2-րդ կեսում, մեզ չի բավականացնում։ Նորից կրկնեմ, որ փոխարինում եղան ստիպված։Բնական է, այս պահին մենք չենք կարող ֆիզիկապես լավը լինել։ Բալկանյան թիմերը հենց դրանով առավելություն ունեն։

Իհարկե, մենք ունեցանք նաև սխալներ, բայց այն ընդհանուր պատկերը, որը ես ցանկանում եմ տեսնել, թեկուզ դրվագներով՝ հատկապես 1-ին կեսում, դա ես տեսել եմ։Մեր 2 նորեկները որակապես լավ ֆուտբոլիստներ են։ Ես տեսնում եմ, որ նրանց հարցում մենք չենք սխալվել։ Այս պահին մենք արեցինք մեր առավելագույնը։Պատասխան խաղում փոփոխություն կունենանք կազմում, տակտիկայում։ Շանսերը 50/50 են։ Մրցակիցն իրոք լավ թիմ է։ Կփորձենք հասկանալ, թե ինչի հաշվին մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ»,- հետխաղային մամուլի ասուլիսում ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Կոնֆերենցիաների լիգայի պատասխան հանդիպումները կայանալու են հուլիսի 20-ին։ Արձանագրենք թերևս, որ մեր 3 թիմերն էլ ունեն իրական հնարավորություն որակավորման երկորդ փուլ դուրս գալու։

ajax-loader