Շիրակում քաղաքաշինության ոլորում կատարվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում

Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ։

Փետրվարի 2-ին ամփոփելով իր աշխատանքային 100 օրը՝ այդ մասին նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, տեղեկացնելով՝ գումարային առումով բաշխվածության աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում (շուրջ 1 մլրդ դրամ ավելի), թե՛ կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ (1,2 մլրդ դրամ ավելի)։

«507 բնակարանով 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել: 11 կրթական  և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ։ Մեծամասշտաբ ծրագրերից կառանձնացնեմ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի շինարարությունը, որի համար հատկացվել է  6.4 մլրդ դրամ, (1.3 մլրդ դրամը՝ 2023 թ.), ավարտը նախատեսվում է  2026-ին»,-նշեց մարզպետը։

Մարզում կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ 10 մլրդ 100 մլն-ից ավելի, որը 2022-ի համեմատ 29,5 տոկոսով շատ է։  2022-ի  65.93 կմ-ի փոխարեն 2023-ին կառուցվել ու դեռ ընթացքի մեջ է 73.4 կմ ճանապարհաշինական աշխատանք։  

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են ընդհանուր 7.3 մլրդ դրամի 8 ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, գտնվում են ավարտական փուլում։ Եվս 2 ճանապարհաշինական ծրագրերի ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Դրանց ընդհանուր երկարությունը 15.9 կմ է: Տվյալ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.3 միլիարդ դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է շուրջ 2.8 միլիարդ դրամի 6 ծրագիր՝ 7.6 կմ երկարությամբ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվելու է 2 մլրդ 325 մլն դրամ։

Ընթացքի մեջ են Նոր կյանքից Մեծ Մանթաշ տեղական նշանակության ճանապարհի 12,8 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, արժեքը՝ 1 մլրդ 543 մլն դրամ։ 810 մլն 967 հազար դրամ էլ ուղղվել է  Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Փոքր Մանթաշ գյուղի 3,1 կմ հատվածի հիմնանորոգմանը։

Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի իրականացմանը ՀՀ կառավարությունն հատկացրել է 609 մլն 249 հազար դրամ։ «Այս գումարների շնորհիվ մենք կարողացել ենք անցած տարում լուծել անհետաձգելի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ։ Խոսքս Արթիկի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների շենքերի վերանորոգման, «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն»-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման, Շիրակ մարզադաշտի արևմտյան հատվածի փողոցի հիմնանորոգման, Արթիկ համայնքի Լմբատ առաջին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և նորոգման, Գյումրու թիվ 18, թիվ 9, Լանջիկի, մարզական բարձրագույն վարպետության դպրոցների շենքերի մասնակի նորոգման, ջեռուցման համակարգի անցկացման մասին է»,-հավելեց մարզպետը։

ajax-loader