Ադրբեջանի տևական բողոքների հետևանքով ջնջվել է Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Էջն ուներ 459 հազար հետևորդ և կարևոր դեր ուներ Արցախի Հանրապետության նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում:

«Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում»,- եզրափակվում է հաղորդագրությունը:

ajax-loader