2022 թվականի ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պահպանել է Հայաստանի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։
2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61 մլրդ դրամի համեմատ։ ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին վերցրած։
Ինչպես հայտնել են ԶՊՄԿ-ից, ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչ է, 1629-ը՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝ 216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդ։
Հարկային տարվա ցուցանիշները ամփոփելով` ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է.
«Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը և հարկման նոր ռեժիմը։ Երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային եւ վարչարարության բարելավումն է։ Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։
Նրա խոսքով՝ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա․
«Ընդհանուր առմամբ, անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություն վճարել է ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի եւ քանակական, եւ որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են թե ԶՊՄԿ-ում, թե ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետեւողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության եւ կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։