Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը   նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»,-նշել է մարզպետը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ որպես դեսպան ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․ «Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար՝ խոսքս թե տնտեսական, թե մշակութային համագործակցությանն է առնչվում»։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջև ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։

ajax-loader