«Ռեալ Սոսյեդադը» պաշտոնապես ներկայացրել է Արսեն Զախարյանին

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ տեղափոխվելու մասին։ Այդ մասին հայտնել է իսպանական ակումբն իր «Ֆեյսբուք»-ի էջում։ 

«Ես  սիրում եմ գրոհել ու գոլ խփել, ինչպես նաև օգնել թիմին ամեն հարցում։ Ուրախ եմ լինել նման հրաշալի ակումբում։ Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին ու այս թիմին։ Ցանկանում էի խաղալ այստեղ, հետևաբար երկար չմտածեցի, երբ լսեցի  «Ռեալ Սոսյեդադ»-ի հետաքրքրության մասին։ Ամենաշատն ինձ դուր եկավ, որ այս ակումբն իրոք ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ, և հնարավոր ամեն բան արեց դրա համար։ Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունեն ինձ։ Առայժմ չգիտեմ, թե կկարողանամ արդյոք մասնակցել հաջորդ խաղին»,- ասել է Զախարյանը։

Հայ ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր էր կնքել իսպանական ակումբի հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամո»-ին։

Զախարյանը «Դինամո»-ի սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ajax-loader