«Էտնա» հրաբխի ժայթքման պատճառով փակել են Կատանիայի օդանավակայանը

Սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը փակվել է «Էտնա» հրաբխի հերթական ժայթքման պատճառով։ Այդ մասին հայտնել է Կատանիայի օդանավակայանը կառավարող օպերատոր ընկերությունը։

«Կատանիայի օդանավակայանի կառավարող ընկերությունը տեղեկացնում է, որ «Էտնա»-ի հրաբխային ակտիվության պատճառով բոլոր մեկնումներն ու ժամանումները ժամանակավորապես արգելված են», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ուղևորներին հորդորում է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) վերջին հաղորդագրությունների համաձայն՝ ժայթքումը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան հրաբխի հարավարևելյան խառնարանում` շուրջ 3300 մետր բարձրության վրա։ Քամին մոխիրն ու ծուխը քշել տարել է հարավ։ Այժմ հրաբխի ակտիվությունը նվազում է։

Կատանիայի «Ֆոնտանարոսա» միջազգային օդանավակայանն օգոստոսի 6-ին լիովին վերսկսել էր իր աշխատանքը խոշոր հրդեհի պատճառով գրեթե երեքշաբաթյա ընդմիջումից հետո։ Այս ամբողջ ընթացքում Իտալիայի` փոխադրումների ծավալով վեցերորդ օդանավակայանն աշխատում էր լուրջ ընդհատումներով, չվերթները տեղափոխվում էին այլ քաղաքներ և հետաձգվում։

ajax-loader