Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին վթարից զոհվածների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:

«Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։

Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։

Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և բոլոր տուժածներին»,- ասված է ցավակցական խոսքում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած:

ajax-loader