Կոլումբիայում 17 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից փրկված երեխաներին

 Կոլումբիայում 17 օրվա որոնումներից հետո գտել են ինքնաթիռի կործանումից փրկված 4 երեխաներին, որոնք կարողացել էին իրենց համար պատսպարաններ կառուցել ջունգլիներում: Այդ մասին հաղորդում է կոլումբիական Semana պարբերականը:

unnamed (2).jpg (53 KB)

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կակետայի շրջանում՝ Պալմա Ռոսա գյուղի մոտակայքում: Երեխաները եղել են տասներեք, չորս, ինը տարեկան և տասնմեկ ամսական:  Վթարի գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է տերևներից և փայտերից պատրաստված մի քանի հյուղակ, որոնք ամրացված են եղել ռետինե մազակալներով։ Ենթադրաբար, 13-ամյա աղջիկը, որ ջունգլիներում էր հայտնվել իր կրտսեր եղբայրների հետ, կարողացել է հյուղակ պատրաստել անձրևներից պաշտպանվելու համար։

Ինչպես գրում է հրատարակությունը, երեխաներին ողջ գտնելու հույսեր էին առաջացել այն բանից հետո, երբ զինվորականները գտել էին ոչ վաղուց կերած մրգերի մնացորդներ, մանկական սննդի համար նախատեսված տարա, մկրատ և այլ իրեր:

unnamed (1)-1.jpg (253 KB)

Երեխաները Կոլումբիայի Վիտոտո հնդկացիական ցեղին են պատկանում: Նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նույնպես հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է ողջ գտնել բոլոր չորս երեխաներին, որոնք անհետ կորած էին համարվում մայիսի 1-ին ջունգլիներում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո։

Cessna 206 ինքնաթիռում եղել է յոթ մարդ: Ինքնաթիռը Սոլանոյի մունիցիպալիտետից ուղևորվում էր Սան Խոսե դել Գուավիարե քաղաք: Մայիսի 15-ին զինվորականներն անտառի թավուտներում հայտնաբերել էին ինքնաթիռը և երեք մեծահասակների, այդ թվում՝ երեխաների մոր մարմինները։ Վերջին հաղորդագրության մեջ օդանավի օդաչուն հայտնել էր շարժիչի անսարքության մասին։

ajax-loader