Նորվեգիայում և Շվեդիայում տեղատարափներ են

Սաստիկ տեղատարափներ են մոլեգնել Նորվեգիայի հարավային հատվածում և Շվեդիայի կենտրոնական շրջաններում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Նորվեգիայի հարավում անձրևները հանգեցրել են սողանքների։ Ոստիկանությունն ավելի քան 600 մարդու է տարհանել Օսլոյից դեպի հյուսիս ընկած բնակավայրերից։ Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի վարչությունը հեղեղումների և սողանքների պատճառով օգոստոսի 8-ին երկարաձգել է երկրի համար վտանգավորության «կարմիր» մակարդակի գործողության ժամկետը։

Անբարենպաստ եղանակը Նորվեգիայում հաստատվել է արդեն մի քանի օր։ Տեղատարափները հանգեցրել են ջրի մակարդակի վտանգավոր բարձրացման, մի քանի ճանապարհներ ջրածածկ են եղել, տապալվել են ծառեր, ինչը հանգեցրել է փոխադրամիջոցների երթևեկության, այդ թվում՝ երկաթուղու աշխատանքի խափանման:

«Իրավիճակը շատ լուրջ է: Դա կարող է հանգեցնել զգալի հետևանքների ու վնասի»,- ասվում է Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Բնակչության թվաքավակով Շվեդիայի երկրորդ քաղաքը՝ Գյոթեբորգը, նույնպես պայքարում է հորդառատ անձրևների հետևանքների դեմ: Փողոցների կեսից ավելին ջրածածկ է եղել:

Շվեդիայի օդերևութաբանական հիդրոլոգիական ինստիտուտն օգոստոսի 9-ին ուժի մեջ է թողել վտանգավորության «կարմիր» մակարդակը երկրի արևմտյան շրջաններում:

ajax-loader