«ՏԱՐԱԶֆեստը» նորովի կներկայացնի հայկական ազգային հագուստը

Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, տարազի ժողովրդականացմանը նպաստելու նպատակով օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը:

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում ազգային հագուստի ցուցադրություն կլինի:

Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

ajax-loader