Կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

 Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսում է Հայաստանում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը:

Այս մասին ՀՀ կառավարության նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մինչ օրս սուպերմարկետներում շրջանառվում են պոլիէթիլենային տոպրակները:

«2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը:  Կարծում եմ՝ համայնքները որքան հնարավոր է վերահսկողություն իրականացնում են, բայց դա ամբողջական արդյունք չտվեց: Մենք  հիմա նախագիծ ունենք, որով պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու, նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը»,-շեշտեց Սիմիդյանը:

Նա հույս հայտնեց, որ նման նախագծերի շնորհիվ կկարողանան լուծել պոլիէթիլենային տոպրակների խնդիրը: «Ակնկալում ենք, որ տեսչական մարմինները  վերահսկողություն կիրականացնեն և արդյունք կլինի»,-շեշտեց նախարարը:

ajax-loader