Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը բուհում հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․
«Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ քննարկել ենք ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:
Գործընկերներիս եմ ներկայացրել ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իմ մոտեցումները: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:
ԶՊՄԿ գործադիր տնօրենն, իր հերթին, արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնեց իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ գործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիին պարգևատրել եմ ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։
Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ»։