ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել այդ երկրի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում էր  ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

ajax-loader