ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված

այաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված:

Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Արդեն 1 օրից ավելի հումանիտար բեռները գտնվում են Կոռնիձորի հատվածում: Եվ որևէ տեղաշարժ չկա»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ առումով արդեն իսկ կա միջազգային արձագանք տարբեր կողմերից, մասնավորապես, Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, և բեռների ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա՝ ի ցույց աշխարհի փաստը մնում է այն, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված ԼՂ բնակչությանը որևէ կերպ չի կարողանում հասնել շարասյան մեջ գտնվող հումանիտար բեռը»,- ասաց Սարգսյանը:

Այս առումով իրավիճակը չի փոխվել, նոր զարգացում չկա, դեռևս սպասում են պատասխանի՝ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

«Վաղը նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան՝ Կոռնիձորի հատված»,- հայտնեց Սարգսյանը:

Նա ընդգծեց կրկին՝ առաջնային նպատակն ի սկզբանե եղել ու մնում է ԼՂ ժողովրդին հումանիտար օգնությունը հասցնելը: Եվ այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը:

«Կապն ըստ սահմանված կարգի հաստատվել է ռուս խաղաղապահների հետ, համապատասխան խողովակներով նաև Ադրբեջանի հետ, ուղեբեռի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է, որ հնարավոր մանիպուլյացիաների չենթարկվի»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:

ajax-loader