Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին:  

Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ոսկեղենիկ իրագործում: Մենք բոլորս՝ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները անընդհատ գնանք, անձամբ նայենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ գույքի ստանդարտներն այսօր բացարձակ գոհացուցիչ չեն՝ շեշտելով, որ չպետք է համակերպվել դրա հետ:

«Երեխաները պետք է ստանան հնարավոր լավագույն դպրոցը՝ հնարավոր լավագույն գույքով, հնարավոր լավագույն ծրագրով, հնարավոր լավագույն ուսուցիչներով ու միջավայրով: Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ եկեք տեսնենք, թե ոնց ենք այս հարցը լուծում: Պետք է գնանք մեր ձեռքով այդ դպրոցը քանդենք մինչև հիմքերն ու կառուցենք նորը»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ այդ օրինակը ցույց է տալիս, որ ամեն փուլում կառավարությունը պետք է հետևի, թե ինչ է տեղի ունենում, չպետք է միայն որոշումը կայացնեն, գումարը հատկացնեն, վերջում գնան կարմիր ժապավենը կտրեն:

Վարչապետը կրկին ընդգծեց՝ շատ դառը տպավորություններով է վերադարձել Դեղձուտի դպրոցից, որտեղ արդեն երկրորդ անգամ է այցելել: «Այդ նախագծի հետագա ճակատագրից է կախված, թե մենք ինչ հետևություններ կանենք այս ընթացքում մեր կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված: Միլիարդները ծախսում ենք երեխաների համար, այդ միլիարդը չենք ծախսում շինարարի, աթոռ արտադրողի, լինոլիում ներկրողի համար, ծախսում ենք երեխաների համար: Եթե որևէ մեկն այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է շատ կոպիտ»,-ասաց Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գույքի ստանդարտներն այս տարի ամբողջությամբ վերանայել են: Ընթացիկ վերահսկողության բարելավման կարիք նախարարը ևս տեսնում է: Իսկ ինչ վերաբերում է Դեղձուտի դպրոցին, նա ասաց, որ առանձին գործընթաց է գնում, որի մասին ինքը կտեղեկացնի վարչապետին:

Վարչապետը նշեց, որ Դեղձուտի դպրոցի՝ Երևան եկած երեխաների արձագանքից է հասկացել, որ դպրոցում ինչ-որ բան այնպես չէ: «Եվ գնացի ու տեղում համոզվեցի, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ահագին բան այնպես չէ»,-ասաց նա:

Դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝վարչապետն ասաց, որ օգոստոսի 15-ին սպասում է նրա զեկույցին, որ ամեն ինչ շտկված է: Վարչապետը վստահեցրեց, որ 3-րդ, 4-րդ ու 5-րդ անգամ էլ է գնալու այդ դպրոց՝ իրավիճակը տեղում տեսնելու համար:

Ղուլարյանն էլ հայտնեց, որ վարչապետի հանձնարարությունից հետո անմիջապես սկսել են շտկման աշխատանքները: Հանձնարարության ժամկետից անգամ շուտ կավարտեն ու կզեկուցեն:

ajax-loader