Օրենքն ուժի մեջ մտավ․ մանկապարտեզների վերաբերյալ օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքը՝ լրացված տարբերակով, ուժի մեջ է մտել հուլիսի 21-ին։

Փոփոխության համաձայն, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմնաված են օգտագործվող հիմնական հասկացությունները, մի շարք խմբագրումներ են կատարվել, որոնց համաձայն․

8-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.».

14-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«14) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում` այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով.».

15-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական ծառայություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա.».

17-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված` ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ` խելամիտ հարմարեցումներ.».

Հոդվածը նաև լրացվել է նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.

«17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով երեխան իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.»։

Փոփոխություններ են կատարվել օրենքի 7-րդ հոդվածում, որով սահմանված է երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը։

Մասնավորապես, սահմանվել է, որ տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախկինում ժամկետ էր սահմանված օգոստոսի 20-ից մինչև 30-ը։

Սահմանվել է նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.

3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.

6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:

ajax-loader