Մայրական սերն ինձ համար տիեզերական, աստվածային սիրո երկրային ամենակայացած տեսակն է մեր աշխարհում. Վարդան Պետրոսյան

 Վարդան Պետրոսյանին, ում բեմական պատմությունը տասնամյակների հետագիծ ունի, միշտ հաջողվում է սրամիտ կատակներով հարուստ ներկայացումների միջոցով հասարակության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել կարևորագույն խնդիրների վրա, որոնք երբեմն օրհասական են: Արտիստն իր յուրահատուկ բեմադրություններով անդրադառնում է երկրի պատմական անցյալին, ներկային ու ապագային՝ ընդգծելով մեր առավելություններն ու թերությունները և հավատացնելով, որ հայ ժողովուրդն ամուր է, տոկուն ու դեռ կարող է հզորների ծնել:

GEV_4389.JPG (547 KB)

«Արմենպրես»ի թղթակիցն արտիստի հետ զրուցել է նրա նոր՝ «Օրորոցային պատվիրան» ներկայացման մասին, որը շաբաթներ շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում է: Զրուցել ենք արտիստի մտահոգությունների, անհանգստությունների և հայ ժողովրդի նկատմամբ հավատի մասին:

– Պարոն Պետրոսյան, առիթ ունեցել եմ դիտելու ներկայացումը: Տպավորված եմ: Ծափահարել եմ այնքան, մինչև ձեռքերս թմրել են, իսկ երբ կարդում էի ներկայացման վերաբերյալ մեկնաբանությունները, փաստեցի, որ արձագանքները դրական են, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ:

– Զգացված եմ: Շնորհակալություն:

– Ասում են՝ ոչ մի բան այնքան լավ չի բնութագրում ազգին, ժողովրդին, որքան  հեքիաթները, առասպելները, վիպերգերը, էպոսը, որով շատ քիչ ազգեր կարող են հպարտանալ:  Դա՞ է պատճառը, որ այս դժվար ժամանակներում էպոսի միջոցով որոշեցիք մեզ հիշեցնել շատ կարևոր արժեքների մասին:

– Աշխատանքի ընթացքում այդպես ստացվեց: Սցենարը գրելիս կամաց-կամաց եկա մեր էպոսին: Ներկայացման գաղափարը վաղուց կար: Յոթ տարի առաջ, երբ ես դեռ բաց կալանքում էի, հանդիպեցի երգչուհի, ազգագրագետ Հասմիկ Հարությունյանին: Նա առաջարկեց օրորոցայիններով մի ներկայացում բեմադրել: Հասմիկն օրորոցայիններ է երգում, և ինձ պատմեց, բացատրեց, թե ինչ է օրորոցայինը, թե ինչքան տարբեր օրորոցային երգեր կան և այլն: Ապշահար լսում էի, թե ինչպես է դարեր առաջ հայ կինը, հայ մայրը, անգամ երաժշտական կրթություն չունենալով, կարողացել կիսատոներով նման բարդ երգեր երգել. այդ ի՞նչ ոգեղենություն, արյուն ունի հայ մայրը, որ կարողացել է փոխանցել երեխաներին: Հասմիկին խնդրեցի սպասել, որովհետև գիտեի, որ կալանքից հետո ազատազրկմանս մասին ներկայացում պետք է բեմադրեմ, ինչն արեցի: Սակայն մտքումս օրորոցայինը կար: Գալիս էր հաջորդ ներկայացումը, հետո՝ մյուսը, և ահա անցյալ տարի, երբ նախապատրաստում էի «Ո՞վ է մեր տերը» ներկայացումը, հասկացա, որ  օրորոցայինը պետք է բեմ բարձրանա, իսկ գիտե՞ք՝ ինչու. ես փնտրում էի մարդկանց հետ խոսելու մի լեզու, որ կարողանամ բոլորին լսելի լինել: Հիմա շատ դժվար է մարդկանց հետ խոսել, մարդիկ շատ արագ քեզ տեսակավորում են: Ինչից ցանկանում ես՝ խոսիր, միևնույն է, քեզ տեսակավորելու են քաղաքական առումով, և երբ դու տեսակավորվում ես, հասարակության մի ստվար զանգված  քեզ այլևս չի ընկալում, իսկ օրորոցայինը լավագույն լեզուն է, քանի որ այն մայրության ձայնն է: Ինչպե՞ս կարելի է տեսակավորել մայրության ձայնը: 

GEV_4397.JPG (606 KB)

Մի թեմայից ծնվում էր մյուսը, և այդպես ծնվեց էպոսի գաղափարը: Առաջ եկավ որբության հարցը: Մտածում էի՝ ինչո՞ւ են մեր հերոսները՝ Փոքր Մհերը, Դավիթը որբ, ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք մենք ազգովի մեզ որբի պես լքված զգում: Թող մեկը գա ու մեզ տեր կանգնի, մեր քաղաքական, մեր հասարակական, բոլոր կենսական հարցերը լուծի: Այդպիսին են որբ երեխաները: Փորձը ցույց է տալիս, որ մանկատան որբ երեխաները հաճախ իրենց մեղադրում են՝ ասելով, որ իրենք վատն են, և այդ պատճառով ծնողները լքել են իրենց: Եթե նկատեք, մեր ժողովրդի մեջ տարածված մտայնություններից մեկը դա է: Ասում ենք՝ մենք լավ ժողովուրդ չենք, մենք լավ ազգ չենք, այդ պատճառով անտեր ենք, և բոլորը մեզ թշնամի են: Որբի մտածողություն…

Սկսեցի մտածել էպոսի բոլոր ճյուղերի մասին, և մայրությունը, օրորոցայինը միացան մեր էպոսին: Այդպես ստեղծվեց «Օրորոցային պատվիրան»-ը:

GEV_4379.JPG (360 KB)

– Ներկայացման մեջ ընդգծում եք մոր դերը յուրաքանչյուրիս կայացման, արժեհամակարգի ձևավորման գործում, հիշեցնում եք մոր անձնազոհության, անմնացորդ նվիրումի մասին: Վստահ եմ, որ բոլոր ժամանակներում մայրերը նույնն են, բայց ըստ Ձեզ՝ այսօրվա իրականությունում ինչ-որ բան փոխվե՞լ է մայր և որդի հարաբերություններում:

– Չեմ կարող ասել, չեմ կարող քննարկել մորը: Մոր սիրտն ինձ համար անհասկանալի բան է: Մոր սիրտը, մայրական սերն ինձ համար տիեզերական, աստվածային սիրո երկրային ամենակայացած տեսակն են հողագնդի վրա: Երկրի վրա մենք մեծ, աստվածային ու անշահախնդիր սերը տեսնում ենք մոր մեջ: Նա է այդպես սիրում իր զավակին: Ինչպե՞ս է այդ սերն արտահայտվում՝ այլ հարց է:

Մայր կա՝ երեխային կարող է փեշի տակ պահել, սիրուց դրդված թույլ չտալ, որ  ոտքը քարին դիպչի, մայր էլ կա՝ կարող է առյուծ դաստիարակել և բաց թողնել նրան ու սրտի ցավով ուղարկել զոհվելու: Սպարտացիների մոտ նման բան կար, երբ տղան գնում էր պատերազմ, մայրը նրան ասում էր՝ կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա, այսինքն՝ կա՛մ հաղթած վերադարձիր, կա՛մ մեռած: Պարտված չվերադառնաս: Սա էլ է մայրություն: Չեմ կարող ասել, թե ինչպիսին է մայրը: Ես տեսել եմ մեր զոհված տղաների մայրերին, նրանց մի մասն ուժ է գտել կրկին երեխաներ ունենալու, մի մասը՝ ոչ:  

Հուշարձանագետ լուսահոգի Սամվել Կարապետյանը պատմում էր Արևմտյան Հայաստանում ապրող, տասից ավելի երեխա ունեցող մի  քուրդ  գյուղացու մասին: Գյուղացին ասել է՝ երեխաներից մի քանիսը կզոհվեն առաջիկա կռիվներում, մի քանիսը կգնան այլ տեղ ապրելու, մի քանիսն էլ կմնան այստեղ ու տեր կկանգնեն երկրին: Սա էլ հայրենասիրության դրսևորում է, որ մենք այլևս չունենք:  Չգիտեմ, թե ինչն է պատճառը. հարմարավետությունը, լավ ապրելու տենչը, մոլուցքը՝ չգիտեմ: Մեր հայ մայրերն այսօր ունեն մեկ կամ երկու երեխա: Մենք ուզում ենք ունենալ քիչ երեխա ու ապրել լավ, բայց աշխարհաքաղաքական այսպիսի տարածքում այդ լավ կյանքը վտանգված է:

GEV_4353.JPG (478 KB)

– Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ն էր Ձեր մայրը:

– Իմ հուշերում մայրս միշտ ներկա է։ Երազում եմ նրան հաճախ տեսնում… Լույսի պես. այդպիսին էր իմ մայրը: Ներկայացման մեջ Աստվածածնին եմ հիշատակում, աստվածացնում մորը, որովհետև նաև ցավեցնում եմ նրան: Տեսարաններ կան, երբ ուղղակի ֆիզիկական, հոգեկան ցավ եմ պատճառում հայ կնոջը, ծանր պատասխանատվություն եմ դնում նրա ուսերին՝ Իսմիլ Խաթունի օրինակը բերելով, հայ կնոջը  պետականակերտ չլինելու մեջ մեղադրելով: Ինձ համար դա հեշտ չէ: Ինձ  հարազատ մարդկանց անուններ եմ տալիս, մորաքրոջս մասին եմ խոսում, ով ինձ համար մոր պես սիրելի էակ է: Դա անում եմ՝ ուրիշին չանդրադառնալու համար, քննադատում եմ մերոնց ու վերջում ասում եմ՝ հայ մայրեր, դուք հովազներ եք ծնելու, դուք առյուծներ եք դաստիարակելու, դուք վերածնելու եք մեր Վահագնին Վիշապաքաղ:  Ձեր ձայնից պետք է արթնանա Ձենով Օհանը, իսկ նրա կանչից` Դավիթը` մեր ժողովուրդը, որ այսօր քնած է խորը հորում: 

Ներկայացումից հետո մի երիտասարդ կին մոտեցավ, ասաց, որ արտերկրից է եկել Հայաստան, ունի երկու տղա և ներկայացումից հետո որոշել է նաև երրորդ երեխան ունենալ: Ավելի մեծ գնահատակա՞ն… 

Իմ տատն ունեցել է ինը զավակ, նրանցից չորսը մահացել են: Այն ժամանակ ընդունված էր շատ երեխաներ ունենալը: Ես մեր տան չորրորդ զավակն եմ: Հայրս ցեղասպանությունը վերապրած էր ու որբանոցում էր մեծացել: Նրա ամեն երեխան պատասխան էր մեր ցեղասպանությանը: Շատ ցավում եմ, որ իմ հոր ու մոր գիտակցությունն ուշ ունեցա: 

GEV_4381.JPG (411 KB)

– Իսկ Ձեր մայրն օրորոցայիններ երգե՞լ է Ձեզ համար:

– Մայրս երգող կին էր: Հիշում եմ, որ նա ազգային, ժողովրդական երգեր էր երգում, պարում էր: Շատ կարդացած կին էր, չգիտեմ՝ դա նրան օգնո՞ւմ էր, թե՞ խանգարում: Նա հրաշալի մայր էր, անհավանական էներգիայի տեր։ Մեր գերդաստանում նրան մատով էին ցույց տալիս: Մորաքույրս, որի մասին խոսում եմ ներկայացման մեջ, 83 տարեկան է, մանկական գրքեր է գրում, հրաշալի գրքեր, սակայն ասում է՝ ես ի՞նչ, մայրդ մի երեխային կուրծք էր տալիս, մի ձեռքով` ճաշ եփում, մյուսով` գիրք կարդում, ոտքով օրորոցն էր օրորում և այլն: Ավաղ, մայրս երկար չապրեց. 1988 թվականին Սումգայիթի ջարդերը սկսվեցին, ու մայրս առաջին կաթվածը ստացավ: Նա պատմության ուսուցչուհի էր և չէր կարող պատկերացնել, որ այս լուսավոր դարում նման բան կարող է լինել, բայց ի՞նչ լուսավոր դար. տեսնում ենք, թե ինչ է կատարվում:

– «Օրորոցային պատվիրան»-ը հուզիչ և ազդեցիկ է ոչ միայն խոսքի, այլև երաժշտության շնորհիվ: Օրորոցայիններն ու Արամ Խաչատրյանի, Տիգրան Չուխաջյանի երաժշտությունը ոգեշնչում են, հնարավորություն տալիս հավատալու ինքդ քեզ, մեր ժողովրդի ձիրքին, տաղանդին, ոգուն…

– Խաչատրյան շատ եմ սիրում: Նրա «Ադաջիո»-ն  անընդհատ մտքումս էր: Ներկայացման սկիզբը ձոն է գեղեցիկին, մայրությանը, և ես դա պատկերացնում էի Խաչատրյանով: «Ադաջիո»-ի ու Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի միացումից այնքան էի հուզվում, որ չէի կարողանում գրածս տեքստն ասել: Մտածում էի՝ եթե ես այսպես փշաքաղվում եմ, ուրեմն հանդիսատեսի վրա հաստատ կարող է ուժեղ ազդել: Ինչո՞ւ եմ այդպես փշաքաղվում, ի՞նչն է ինձ շարքից հանում. հավանաբար, հայ մարդու մտածողությունը: Երբ խոսում եմ որբության մասին, ինչքան էլ ես ինձ որբ չեմ զգացել և ծնողներ եմ ունեցել, ընտանիքիս սիրված զավակն եմ եղել, միևնույն է՝  հնուց, շատ հնուց որբության պես մի բան մեր մեջ կա, երևի իմ մեջ էլ:  44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո, երբ կոտրված է ժողովուրդը, ես փորձում եմ ամեն ինչ անել ինչ-որ կերպ մարդկանց ուժ տալու, ոտքի կանգնեցնելու համար: Ես էլ ինչ-որ տեղ ինձ որբ եմ զգում, և դա է պատճառը, որ Արամ Խաչատրյանի և Սասունցի Դավիթի համաձուլումն այդպիսի հուզական ալիք էր արթնացնում, ու հասկանում էի, որ հայ մարդը դրա կարիքն ունի, նա երեխայի պես ցնծալու է, ուրախանալու է, երբ այդ տեքստը հնչի. «Դու հիշի՛ր, որ պիտի գա այդ օրը, ու Դավիթը պետք է արթնանա, հորից դուրս պետք է գա, ու դու կրկին կտեսնես, որ Թուր Կեծակին նրա ձեռքին է»…

GEV_4401.JPG (522 KB)

– Դուք նշում եք, որ մեր ժողովուրդը հիվանդ է, կոտրվել է, որ պետք է նրա ձեռքից բռնել, օգնել, ոտքի կանգնեցնել: Կարո՞ղ ենք ասել, որ ընկճվածությունը, ինքներս մեզ երբեմն անարդար դատափետելն, արժեզրկելն, ինքներս մեզ չճանաչելու, մեր էպոսը չիմանալու հետևանք է: Ինչպես Դուք եք ասում  Ձեր ներկայացումներից մեկում՝ ի՞նչ անել:

– Մենք մեզ չենք ճանաչում, իհարկե: Կա նաև մեկ այլ գործոն. Հայաստանում, վստահաբար, աշխատում են բազմաթիվ արտասահմանյան գործակալություններ, հատուկ ծառայություններ, որոնք փորձում են ներշնչել վատը, հոռետեսականը:  Կա նաև մեր ազգային մտածողությունը՝ ամեն ինչի մեջ վատը տեսնելը: 

Մեզնից յուրաքանչյուրը մտքում յուրովի կառուցում է մեր կործանումը, ինչը սարսափելի է: Գիտնականները, աստվածաբանները պնդում են, որ այն, ինչ կա մեր կյանքում՝ մեր մտածողության արտացոլումն է, իսկ մենք մեր ուղեղում նախապատրաստվել ենք կործանմանը, ամեն մեկն՝ ըստ իր երևակայության թռիչքի։

Թումանյանի «Կիկոսի մահը» ստեղծագործության հերոսների սինդրոմն է. դեռ ոչինչ տեղի չի ունեցել, բայց հերոսուհին մտածում է՝ եթե մի օր ամուսնանա, երեխա ունենա, նա կբարձրանա ծառը, կընկնի ու կմեռնի… ու սկսում է ողբալ։ Իմ կալանքի ընթացքում կարդացի պուերտոռիկացի քահանայի հեղինակած մի գիրք: Նա 15 տարեկան մի ավազակ է եղել Նյու Յորքում: Նրա ամբողջ խնդիրը կայացել է նրանում, որ իրեն տանն ատել են: Մայրն ասել է, որ լավ է՝ ծնված չլիներ, իսկ հարբեցող հայրը միշտ ծեծել է: Նա միայն ատելություն է տեսել ու, չգիտես, թե ինչպես, մի քահանա, տեսել է նրան,  գրկել է,  խորհուրդներ տվել: Առաջին անգամ նա իրեն սիրող մարդ է տեսել ու հասկացել, որ հնարավոր է սիրել, և իր մեջ հայտնաբերել է մարդուն: Նա ևս դարձել է այդպիսի քահանա ու հազարավոր երեխաների փրկել:

Սա է անհրաժեշտ մեր ժողովրդին՝ գրկել, սիրել, օգնել… Նստել ու ոտատակ ենք անում մեր ժողովրդին, ճխլում: Կարծես՝ քիչ են ցավերը: Մյուս ցավերից մեկը, որի դեմ այս ներկայացմամբ փորձում եմ ինչ-որ կերպ պայքարել, մեր՝ իրար լսելու անկարողությունն է: Մենք իրար չենք կարողանում լսել, չենք ցանկանում լսել: Երկու նախադասություն, և դիմացինը քեզ արդեն չի լսում, նա արդեն պատրաստել է իր պատասխանը: Պատերազմն աղետ է, բայց ավելի աղետալի է, երբ մարդիկ չեն կարողանում իրար լսել, որ վերագնահատեն իրավիճակն ու վերականգնվեն, իսկ մեզ անհրաժեշտ է վերականգնվել: Իրար բզկտելով դա հնարավոր չէ, այդպես մենք ավելի ենք պառակտվում: Այդ ուղղությամբ աշխատում են լրտեսական գործակալություններ և, իհարկե, մեր ազգային մտածողությունը: Արվեստը մարդկանց հետ խոսելու միջոց է, արվեստը մարդուն դեպի ազնվություն ուղղորդելու ճանապարհ է: Արվեստը հույս է տալիս, հավատ, սեր… Դա է մեզ անհրաժեշտ։

GEV_4359.JPG (493 KB)

– Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ձեր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, արժանանում բուռն ծափահարությունների, կարծում եմ՝  Ձեր խոսքն անպայման տեղ է հասնում:

– Շատ զգացված եմ: 

– Դուք Հենրիկ Մալյանի կինոարվեստի երկրպագուն եք և մի առիթով պատմել եք, որ նա Ձեզ խորհուրդ է տվել ոչ մեկին չլսել և չհավատալ, միայն լսել և հավատալ Ձեր՝ արտիստի ինտուիցիային: «Օրորոցային պատվիրան»-ի վրա մի ամբողջ թիմ է աշխատել, սակայն այն բեմադրելիս հետևե՞լ եք Մալյանի խորհրդին:

– Թիմը, որի հետ աշխատում եմ, երկար տարիների պատմություն ունի: Կոփված ենք, ամեն մեկն էլ իր ինտուիցիան ունի, և ես բոլորին եմ լսում շատ հարցերում: Սակայն գալիս է մի պահ, որ բոլորն ինձ են նայում: Այսպիսի մի բան կա. առաջնորդը դրոշը ձեռքին  պետք է որոշում կայացնի, հատկապես դժվար պահերին: Վստահում եմ իմ թիմին, սիրում եմ լսել մարդկանց, ուշադիր հետևում եմ քննադատություններին, որոնք երբեմն նույնիսկ վիրավորական կարող են լինել, բայց դա ևս ուսուցողական է: Իսկ վերջին խոսքը միշտ պատկանում է իմ ինտուիցիային։

ajax-loader